Մատչելիության հղումներ

Պարտքը զիջելու հարցը Լոնդոնում չի քննարկվում





Դոնորների միջազգային հանրությունը ուղիներ է որոնում՝ մեծացնելու ԱՊՀ երկրներից առավել աղքատ յոթնյակի բարեփոխումներին տրվող ֆինանսական օժանդակությունը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների Լոնդոնում ընթացող հանդիպումը պետք է քննարկումների այդ շարքին դասել։ Դրանց մասնացում են յոթնյակի ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի նախագահները։

Վերջերս Համաշխարհային բանկի ղեկավարությունը դոնորներին կոչ էր արել ավելացնել չքավորությունից, պարտքերից ու կաշառակերությունից սասանվող Հայաստանին եւ ԱՊՀ վեց այլ երկրներին տրվող միջազգային օգնությունը։

Տարածաշրջանի ամենաաղքատ ու հակամարտություններից հյուծված երկրներին ֆինանսական օգնության ավելացումը, հավանաբար, հակաահաբեկչական ծրագրի բաղադրիչներից մեկն է, այլապես, անհասկանալի է, թե ինչու, օրինակ, արտաքին պարտքի ոչ այնքան վատ դիրք ունեցող Հայաստանը դրվել է նույն հարթության վրա, ինչ, ասենք, պարտքի հետ լուրջ խնդիրներ ունեցող Տաջիկստանը, Վրաստանը, Մոլդովան կամ Ղրղըզստանը։

Այդ երկրներում արտաքին պարտքը գրեթե հավասար է Համախառն ներքին արդյունքին, մինչդեռ Հայաստանում այն չի անցնում երկրի Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսից։ Մյուս կողմից, աղքատության ցուցանիշներով Հայաստանը գրեթե ոչնչով առավել չէ Վրաստանից, Ադրբեջանից կամ, ասենք, Ղրղըզստանից։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Հայաստանը ինչու է հայտվել արտաքին պարտքի բեռի հետ լուրջ խնդիրներ ունեցող ԱՊՀ մյուս երկրների շարքում, ասաց, որ «մեր վիճակը անհամեմատ ավելի լավ է»: Նրա խոսքերով, Լոնդոնում քննարկվում են հնարավոր վտանգների եւ ռիսկերի կանխարգելման ու բացասական հետեւանքների հաղթահարման ուղիները:

Այս օրերին արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ գրեցին այն մասին, թե դոնորների հանրությունը պատրաստվում է երկու երրորդով զիջել ԱՊՀ երկրների այս աղքատ յոթնյակի պարտքերը:

«Հիմնականում այդպիսի հարցադրումներ չեն եղել», - ասաց Տիգրան Սարգսյանը: - «Եվ փաստաթղթերում այդպիսի հարցադրումներ չկան: Խոսքը միայն պարտքերի վերակառուցման մասին է, որպեսզի պարտքերի ներկա արժեքը լինի այնպիսին, որ այդ երկրներն ի վիճակի լինեն սպասարկել արտաքին պարտքերը: Քննարկվելու է հետեւյալ խնդիրը. ինչպես կարելի է վերակառուցել արտաքին պարտքերը՝ դարձնելով ավելի երկարաժամկետ եւ ավելի մեղմ պայմաններով, որպեսզի բեռը ընթացիկ բյուջեների վրա լինի մինիմալ»:

Համաշխարհային բանկը նախօրոք հայտարարել էր, թե ծրագրում է նշված յոթ երկրներին տրվող ընդհանուր վարկավորումը այս տարի հասցնել 420 միլիոն դոլարի, նախորդ տարվա 337 միլիոն դոլարի դիմաց։ Թե այդ գումարից հավելյալ ինչքան կստանա Հայաստանը, առայժմ պարզ չէ:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ անդրադարձ է եղել տարածաշրջանային համագործակցության խնդիրներին:

«Հիմնականը այս հարցի շուրջ Ջուդի Օ'Քոնորի զեկույցն էր, որի հիմնական թեզն այն էր, որ հարցի քաղաքական լուծումը էական հնարավորություն կտա տնտեսական աշխուժացման համար», - ասաց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով նաեւ, որ հրապարակվեց Համաշխարհային բանկի տեսակետը, համաձայն որի, Հայաստանի շրջափակման վերացման արդյունքում տարեկան Համախառն ներքին արդյունքը Հայաստանում կարող է աճել շուրջ 30 տոկոսով:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG