Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրն այսօր փորձում է առավելագույնս բացված դիտարկել «Մեր ինչի՞ն է պետք այս Ազգային ժողովը» հարցը: «Ոմանք կարող են ասել. որպեսզի օրենքներ ընդունի... սակայն դրանք ընդունելը գործի կեսն է միայն», - նշում է խմբագիրը: - «Օրենքները դեռ կատարել է պետք: Եվ ահա այստեղ էլ առաջանում են լուրջ խնդիրներ: Քանզի գլուխդ դես ու դեն ես շրջում, նայում վեր, ուր բազմած են մեր որոշ պարոններ, եւ այնպիսի տպավորություն է, թե ոչ ոք ոչ մի օրենքի մասին չի էլ լսել»:

Խորհրդարանական կառավարումը հիրավի շատ դրական կողմեր ունի, բայց, - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում, - դա պիտի հաստատվի «միայն այն ժամանակ, երբ տվյալ պահին գործող խորհրդարանը ապացուցի, որ բացի կենսուրախ լավատեսությունից, ի վիճակի է էլի ինչ-որ բան առաջարկել հասարակությանը»: Իսկ հիմա տպավորություն է ստեղծվում, թե «հայոց աշխարհում, դեգրադացիայի առաջին իսկ նշանների ի հայտ գալու դեպքում, մարդուն շտապ տեղավորում են «Ազգային ժողով» անվանումով արգելանոցում»:

«Երկիր» շաբաթաթերթի մեկնաբանի հայացքով էլ, «Ազգային ժողովի լայնածավալ արատավորման գործընթացը հերթական սուր դրսեւորումն է ապրում... Մեր օրենսդիր մարմինը իր աշխատանքով օրավուր գլորվում է դեպի քաոս, անիշխանականություն, ինչից, ձեռքերը շփելով, ոգեւորվում են անկայունության սպասող քաղաքական շրջանակները»:

«Խորհրդարանը, նրա որոշ անդամներ իրենց ձեռքով փորում են այն փոսը, որից դուրս գալը այլեւս անհնար է լինելու», - ամփոփել է մեկնաբանը:

Թերեւս այսօրինակ գնահատականների տրամաբանական շարունակությունը դառնա հետեւյալ հարցադրումը. եթե Հայաստանում մարդկային ու քաղաքական ռեսուրս չկա, ապա ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի խորհրդարան, օրենսդիր իշխանություն ունենալը: Մանավանդ եթե հույսն այն է, թե շուտով գուցե քաղաքական կազմակերպությունները կկայանան ու որակ կփոխվի, ապա «Երկիր»-ում այսօր գնահատական կա, որ կուսակցությունների մասին շրջանառության մեջ դրվող օրինագիծը ընդամենը պայմաններ է ստեղծում, որ «օրվա իշխող քաղաքական ուժը կարողանա լիովին վերահսկել վերջիններիս... շարունակվի կուսակցությունների ստեղծումը՝ ըստ վերեւների հրահանգների, իսկ իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչները իրենց «պարտքը» համարեն ըստ օրվա իշխանության փոխել իրենց կուսակցականությունը»:

Այս ֆոնի վրա բավական անբնական կարող են ընկալվել եւ Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պատգամավոր Գալուստ Սահակյանի լավատեսական պնդումներ «Ժամանակ» թերթում՝ իրենց կուսակցական կյանքի բարգավաճման վերաբերյալ:

«Միայն վերջին մի քանի ամիսներին կուսակցականների թիվը 2,5 - 3 հազարով ավելացել է», - ասում է նա: - «Ընդ որում, ցանկություն կա հատուկ ուշադրություն դարձնելու նաեւ կուսակցությանն անդամագրվել ցանկացողների կենսագրությանը»:

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, երեկ մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ մահապատժի հարցը:

«Ըստ ՀԺԿ լրատվական ծառայության, մահապատժի հարցում ՀԺԿ-ն եւ ՀՀԿ-ն միակարծիք են: Ըստ այդմ, «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների հարցում պետք է բացառություն արվի, եւ պատժի բարձրագույն չափը՝ մահապատիժը, նրանց նկատմամբ պետք է կիրառվի: Այս ֆոնի վրա ուշագրավ է այն փաստը, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն երեկ որոշում է կայացրել մահապատժի անվերապահ վերացման մասին»:

Թե հիմա ինչ կձեռնարկեն այս կուսակցությունները՝ առավել մշուշոտ է դառնում, - եզրափակել է «Հայկական ժամանակ»-ը «Միամիտ են» վերնագրի տակ:

«Հանրությունը, որը հիասթափված է, հուսահատված ու հոռետես, չնկատեցինք, չհասկացանք, թե ինչպես սկսեց երազել անցյալը, որից փախչում, որն անիծում էր ընդամենը 3,5-4 տարի առաջ: Ինչո՞ւ. ի՞նչ կատարվեց այս կարճ ժամանակահատվածում». - այս շրջանակում է «Իրավունք»-ի թղթակիցը հարցեր ուղղել պատգամավոր Գուրգեն Եղիազարյանին, եւ վերջինս բանաձեւում է այսպես. «Եթե մարդիկ երազում են Վանոյի վերադարձը, Ռոբերտ Քոչարյանի շրջապատն է մեղավոր... Այդ կառույցն այսօր ինչ անում է, դեմ է աշխատում Ռոբերտ Քոչարյանին»:

Գուրգեն Եղիազարյանը հիմա մտադիր է ստեղծել, իր ձեւակերպմամբ, «Երեւանի տղերքի կուսակցություն», որպեսզի «ոչ մի սրիկա շան թուլա քաղաքում իր կամքը չթելադրի, որպեսզի վերականգնենք մեր քաղաքի բարի ավանդույթները: Իսկ էդ ժամանակ ՀՀՇ-ական ամբողջ ոհմակը քաղաքում տեղ չի ունենա»:

«Ես ծնվել եմ մի Երեւանում, այսօր ապրում եմ մի այլ Երեւանում: Իսկ մենք, տականքներին խուլ ու հնազանդ, տանում ենք նրանց լուծը, ինչո՞ւ, չեմ հասկանում»: Եղիազարյանը իր այս հույզերի ու տարակույսների պատասխանը գուցե ստանա՝ կարդալով «Երկիր» թերթի վերլուծականը, ուր «հասարակության մեջ առկա խոր անտարբերությունը քաղաքական դաշտում տիրող աշխուժության նկատմամբ» բացատրվում է հետեւյալ գործոններով. «Հասարակությունը հասկացավ, որ քաղաքական ուժերի մեծ մասը չի կարող իր համար վստահելի համարվել, առավել եւս՝ գործել հանուն հասարակական շահերի պաշտպանության, որ նրանք առաջնորդվում են խմբակային իշխանատենչության շահով, եւ հասարակությունը գործիք է այդ պարագայում օգտագործելու համար... Ժողովուրդը վստահ է, որ օրենքները չեն գործում ի շահ հասարակ քաղաքացիների... Մարդկանց կարծիքով, ինչպես որ իրենք գործող Սահմանադրության գոյությունը որեւէ կերպ չեն զգացել իրենց կյանքում, այնպես էլ նոր Սահմանադրությանը չեն զգալու: Ուստի, ի՞նչ փույթ՝ Սահմանադրությունը կփոխվի՞, թե՞ ոչ»:

Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի նախագծի առնչությամբ նախագահ Քոչարյանի մտքերը «Առավոտ» թերթը ներկայացնում է հետեւյալ խորապատկերում. «Քոչարյանը մեր երկրի ժողովրդավարության կառուցման առանցքային հարցերը թողնում է եվրոպացի փորձագետների հայեցողությանը»։ Փաստորեն ստացվում է՝ «ո՛չ հայաստանյան լրագրողների վերաբերմունքից, ո՛չ հասարակական կարծիքից եւ ո՛չ էլ անգամ ԱԺ-ից» ոչինչ կախված չէ:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG