Մատչելիության հղումներ

logo-print



Կենտրոն եւ Նոր-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանին մեղավոր ճանաչեց 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի անզգույշ սպանության համար եւ դատապարտեց երկու տարի ժամանակով ազատազրկման՝ պատիժը, սակայն, չկիրառելով, այլ՝ սահմանելով մեկ տարի փորձաշրջան:

«Այսպիսով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանի կողմից անզգույշ սպանություն կատարելը հիմնավորված է», - 46 օր տեւած դատավարության եզրափակիչ նիստին դատավճռի նախաբանը ընթերցելուց հետո հայտարարեց նախագահող Մնացական Մարտիրոսյանը, ապա ավելացրեց, որ դատարանը Աղամալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել եւ վճռել է «դատապարտել ազատազրկման երկու տարի ժամանակով»: Սակայն, հաշվի առնելով մեցմացուցիչ հանգամանքները (հանցագործության բնույթը, հասարակության համար վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի դրական բնութագիրը, նրա երբեւէ դատապարտված չլինելը, մանկահասակ դուստր եւ տարեց մայր խնամքի տակ ունենալը), դատարանը վճռել է «նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամանակով եւ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով Երեւանի Մաշտոցի ՆԳ բաժնի վրա»:

Դատարանը, այսպիսով, նախաքննության եւ դատաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաեւ 22 վկաների ցուցմունքների հիման վրա, ապացուցված համարեց հետեւյալը:

Սեպտեմբերի 25-ի գիշերը, երբ հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրերի եւ ուղեկցողների հետ հեռանում էր «Առագաստ» սրճարանից, Պողոս Պողոսյանը բացականչել է. «Բարեւ, արա Ռոբ»: Աղամալ Հարությունյանը դիտողություն է արել Պողոսյանին: Միջին աստիճանի հարբածության աստիճանում գտնվող Պողոսյանը փորձել է գնալ Աղամալ Հարությունյանի հետեւից, նախագահի եւ բարձրաստիճան հյուրերի ուղղությամբ, սակայն Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Գուրգեն Արսենյանը կանխել է դա: Պողոսյանն ու Արսենյանը միմյանց քաշքշել են, ինչին միջամտել են սրճարանում գտնվող եւ գործով չպարզված անձինք: Քիչ անց մոտեցել է Աղամալ Հարությունյանը, պահանջել դադարեցնել վիճաբանությունը: Հետո Պողոսյանն ու Աղամալ Հարությունյանը միասին մտել են սրճարանի զուգարան եւ ծածկել դուռը: Զուգարանում երկուսով միմյանց քաշքշել են, որի ընթացքում Աղամալ Հարությունյանը ծնոտին մարմնական թեթեւ վնասվածք է ստացել, ապա, հանցավոր անփութություն դրսեւորելով, հրել է Պողոսյանին: Վերջինս վայր է ընկել եւ, գլուխը հարվածելով զուգարանի սալիկապատ հատակին, մարմնական ծանր վնասվածք է ստացել ու տեղում մահացել:

Այսպիսով, գրեթե ոչինչ չփոխվեց նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրական եզրակացության մեջ, որը անցած տարվա վերջին խիստ քննադատության էր արժանացել հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ «Հյումըն Րայթս Ուոթչ»-ի (Human Rights Watch) կողմից՝ որպես «կատարված հանցագործության ծանրությանը չհամապատասխանող» եւ «խորհրդանշական բնույթ» կրող: Դատարանը նաեւ որպես ապացույց չճանաչեց դեպքի ականատես վկա, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստիվեն Նյուտոնի Ռումինիայում (որտեղ ներկայումս աշխատում է վերջինս) բրիտանական հյուպատոսության կողմից վավերացված ցուցմունքը, ուր վերջինս պնդում էր, թե Պողոսյանին ծեծողների մի քանի հոգի էին եղել:

Աղամալ Հարությունյանը, որն իրեն այդպես էլ մեղավոր չճանաչեց, ու նրա շահերի պաշտպան Վահան Յանիկյանը, որը նախորդ նիստում արդարացման վճիռ էր պահանջում, կայացրած դատավճռի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չտվեցին:

Դատավարությանը ներկա չէին տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը, նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը, ինչպես նաեւ սպանվածի կուսակիցները՝ Դաշնակցության ներկայացուցիչները:

«Մենք դժգոհ ենք դատավարության ընթացքից եւ վճռից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Նա ասաց նաեւ, որ այս ընթացքում փորձ արվեց դատավարությունը կուսակցականացնել, քաղաքականացնել եւ ամեն կերպ վերածել Դաշնակցության համար առանցքային խնդրի:
Այդուհանդերձ, նրա խոսքերով, մարդ է սպանվել, եւ դա առնչվում է հասարակության բոլոր հատվածների շահերին:

Սակայն, ըստ Վարդանյանի, հասարակության մեջ արմատացած է մի հիվանդություն՝ հրաժարվել վկայություններ, հստակ եւ օբյեկտիվ ցուցմունքներ տալուց, եւ դրա պատճառը վախի մթնոլորտը չէ:

«Մի տեսակ գողական, կիսագողական տրամադրություն կա մեր հասարակության մեջ, որ դատարան չդիմելու, դատարանում ցուցմունք չտալու, վկայություն չտալու միտումները գերիշխող են այսօր էլ մնալու», - ասաց նա:

Նրա կարծիքով, ավելի խոստ պատիժ պիտի սահմանվեր, որովհետեւ մարդ է սպանվել: Սակայն առանց վկայությունների հնարավոր չէր դրան հասնել:

«Խորապես համոզված եմ, որ որեւէ պատվեր հատուկ այս գործով իշխանությունը, այդ թվում նախագահը չի տվել», - ասաց նաեւ Աղվան Վարդանյանը, ավելացնելով, որ հնարավորություն է տրվել գործել օրենքի շրջանակներում: Մնում էր, որ դատական համակարգն ինքը կարողանար օրենքով առաջնորդվել եւ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն անցկացնել: Իրականում, սակայն, «մենք ականատես եղանք, որ դատական համակարգը իսկապես կայացած չէ, եւ մեր հասարակությունն էլ չի օգնում, որ կայանա»:

Դատավարության արդյունքներին խուսափեց գնահատական տալ խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ վկայակոչելով իր իրավաբան, ինչպես նաեւ գործի նյութերին անձամբ ծանոթ չլինելը:

«Կոնկրետ ինձ համար էլ հոգեբանորեն անընկալելի է, երբ մարդասպանություն է տեղի ունենում, եւ դատավճիռը այդպիսի վախճան է ունենում», - այդուհանդերձ ասաց նա:

«Ագրոարդյունաբերական-ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը նույնպես հիշեցրեց, որ իրավաբան չէ: «Ես լիովին կիսում եմ երեկ Ռուբեն Սահակյանի հնչեցրած գնահատականը», -ասաց նա: Փաստաբան Ռուբեն Սահակյանը ասել է. «Պարտվել են բոլոր կողմերը»:

«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի կարծիքով, «այս դատավճիռը Աղամալ Հարությունյանինը չէր: Դատավճիռը ներկայիս վարչակազմինն էր»:

Ինչ վերաբերում է, Գեղամյանի բնորոշմամբ՝ «նախագահին անթաքույց պաշտպանող երկու պատկառելի կուսակցություններին՝ Դաշնակցությանն ու ջավախահայերի «Հզոր հայրենիքին», ապա դրանք «չգտան իրենց մեջ բարոյականություն եւ ուժ»՝ պաշտպանելու իրենց հայրենակցին ու կուսակցին:

Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով ասաց, որ օրենքով նախատեսված ժամանակահատվածում վճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG