Մատչելիության հղումներ

Հայաստանում հրեական համայնքի ղեկավարը փորձում է մեղմել Հայոց ցեղասպանության հերքումը Իսրայելի կողմից


Հայաստանում բավականին փոքրաթիվ հրեական համայնքի ղեկավարը այսօր փորձեց որոշ չափով մեղմել Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններից հետո Հայաստանում առաջացած դժգոհությունը, ասելով, որ դա բոլոր հրեաների ազգային քաղաքականությունը չէ:

«Ես ծնվել եմ Հայաստանում, եւ ինձ համար յուրաքանչյուր ազգի ցեղասպանությունը մեծ ցավ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գերշ Մեիռ Բուռշտեյնը, ավելացնելով Հայաստանի հրեաները աշխատանքներ են տանում, որ հրեական աշխարհում մարդկանց ավելի մանրամասնորեն ծանոթացնեն Հայաստանի պատմությանը:

Փետրվարի 15-ին Հայաստանի արտգործնախարարությունը դեսպան Կոհենի հայտարության առնչությամբ բողոքի նոտա էր հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարություն: Նոտայում, մասնավորապես, նշված էր, որ Հայաստանը անընդունելի է համարում Հայոց ցեղասպանության իրողությունը հերքելու, կամ նսեմացնելու ցանկացած փորձ:

Իսրայելի արտգործնախարարությանից ստացված պատասխան նոտայում փաստորեն կրկված է դեսպանի հնչեցրած տեսակետը, թե Իսրայելը ճանաչում է հայերի դեմ իրականացված կոտորածների իրողությունը, սակայն դա ցեղասպանության հետ համեմատելու անհրաժեշտություն չի տեսնում:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն էլ երեկ Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ դա միայն Իսրայելի իշխանությունների դիրքորոշումն է, որոնք զուտ քաղաքական նկատառումներով կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության փաստը:

«Ես չէի ուզենա, որ Հայաստանում տպավորություն լիներ, թե դա հրեական ազգային քաղաքականությունն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանում հրեական համայնքի առաջնորդ Գերշ Մեիռ Բուռշտեյնը:

Նրա խոսքերով, Իսրայելում Հայոց ցեղասպանությամբ զբաղվում են բազմաթիվ գիտնականներ, հայերի ցեղասպանության մասին հիշատակված է դպրոցական դասագրքերում:


«Այսօրվա մեկնաբանությունները չեն հանգեցնի այն բանին, որ Իսրայելը միանգամից փոխի իր կարծիքը», - ասաց Բուռշտեյնը: - «Կարծիքը փոխվում է երկար տարիների բարեկամական հարաբերությունների արդյունքում»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG