Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ, նախկինում այդ երկրի վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, Հայաստանը կատարած այցի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց, որ ՌԴ Հաշվիչ պալատը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որպեսզի ֆինանսական հսկողություն իրականացնող աշխարհի բոլոր ծառայությունները միավորվեն՝ որեւէ երկրի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպություններին հասնող փողերի լվացումը խափանելու համար:
Ստեպաշինի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ավելի լայն շրջանակներ ընգրկեց, քան ՌԴ Հաշվիչ եւ Հայաստանի ԱԺ Վերահսկիչ պալատների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Ինչպես այսօրվա ասուլիսում ասաց Ռուսաստանի նախկին վարչապետը, չի կարելի տարանջատել ներքին եւ արտաքին գործունեությունը այն դեպքում, երբ «Ռուսաստանի Հաշվիչ պալատը վերահսկում է նաեւ բոլոր այն խոշոր ծրագրերը, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության ոլորտում, որոնցում ներգրավված են բյուջետային միջոցներ»:
Հենց այդ շրջանակներում էլ, ըստ էության, Հայաստանի նախագահի, վարչապետի, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովում հայկական կողմը ներկայացնող համանախագահի հետ քննարկվել է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, որով Հայաստանի մի շարք խոշոր ձեռնարկությունների բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները հանձվելու են Ռուսաստանին:
Ստեպաշինի կարծիքով, ընթացիկ տարում այդ ուղղությամբ որոշակի հարցեր կլուծվեն՝ այդ թվում հայ-ռուսական տնտեսական ինտեգրացման խնդիրը:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել էր նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներին վերաբերող հարցը:
«Մոսկվայում, Սոչիում, այլ խոշոր քաղաքներում այսօր շուրջ երեք միլիոն Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայ է ապրում», - այսօրվա ասուլիսում ասաց Ստեպաշինը: - «Հավատացեք ինձ, նրանք ամենաաղքատ մարդիկ չեն»: Ու եթե այդ մարդիկ իրենց բիզնեսով ու փողով արդեն Հայաստան են գալիս, դա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները սկսել են նորմալ ու կայուն կանոնների ձեւավորման գործընթացը:
Արմեն Զաքարյան, Երեւան