Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«1988-ի փետրվարից մինչեւ օրս անցած 14-ամյա ժամանակաշրջանը կարելի է պատկերել մեր հավաքական ինքնագիտակցության բուռն վերելքի եւ նույնքան էլ սրընթաց անկման կորի տեսքով», - այս խտացման մեջ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը սահմանում է, որ ելակետում «Միացում» կարգախոս-պատգամը «ոչ թե սովորական թվաբանական գործողություն կատարելու մտադրություն էր, այլ որպես ազգ մեր ապագան սեփական հայրենիքում կերտելու կամք»:

Պետականության ձեւավորման գործընթացին զուգահեռ, սակայն, հասարակարգի փոփոխությունը «անխուսափելի դարձրեց նախկինում գրեթե նույն մակարդակի վրա գտնվող հասարակության ունեզրկումը եւ նրա օրինաչափ շերտավորումը: Նման հասարակությունը այլեւս չէր կարող միանալ որեւէ, նույնիսկ ամենասուրբ ազգային գաղափարի շուրջ: Նրան կարող էր համախմբել միայն իր տարաբնույթ շահերը համադրող ու հաշտեցնող պետությունը, որն այդպես էլ չկայացավ որպես Շարժունից դեպի պալատներ տեղափոխված քաղաքական էլիտայի կամք, բանականություն ու բարոյականություն: Ազգային ընդհանուր նպատակի փոշիացումն ու տրոհումը անխուսափելի դարձրեց իշխանություն - ժողովուրդ խորը անջրպետի ձեւավորումը», - փոխկապում է մեկնաբանը բխեցնելով. - «Ուստի գլխավոր դասերից մեկը, որն այդպես էլ չենք յուրացրել Ղարաբաղյան շարժման եւ պետական շինարարության 14 երկար ու ձիգ տարիներին, մեր թերությունների ու ձախողումների պատճառը մեզանից դուրս փնտրելու արատավոր մտածելակերպի հաղթահարման խնդիրն է»:

«Շարժման կարեւորագույն դասը, որն այլեւս հնարավոր չէ անտեսել, դա ինքներս մեզ քննադատաբար նայելու եւ բարոյապես մաքրվելու խնդիրն է», - շեշտված է «Հայոց Աշխարհ»-ում: - «Առանց դրա պետական մակարդակի վրա «միացում» չի լինելու, իսկ ներկա տարանջատման ու փոխադարձ թշնամանքի պատճառով ցանկացած ներքաղաքական պայքար կամ ուղղակի գզվռտոց բերելու է ավելի վատ հետեւանքների, քան ունենք այսօր»:

«Իրավունք» թերթում նախընտրական տարվա Հայաստանի ընթացքը պատկերված է ամենատարբեր ուղղություններով քաղաքական դաշտի ականապատման ծավալմամբ՝ կանխատեսմամբ, որ «ընտրություների մոտենալուն պես այդ ականները սկսելու են պայթել՝ ավելի ու ավելի մշուշոտ դարձնելով երբեւէ իրավական պետություն դառնալու առանց այդ էլ հեղհեղուկ հեռանկարը»:

Սահմանադրության շուրջ բարիկադավորումների բավականին մռայլ ֆոն ուրվագծելուց բացի, «Իրավունք»-ը, մասնավորապես, թվաբանում է. «Ըստ ոչ պաշտոնական փորձագիտական գնահատականների, երկրի բնակչության իրական թիվը ուռճացված է առնվազն 300 հազարով: Եթե դրան հավելենք նաեւ մինչեւ մեկ տարի հանրապետությունից բացակայող 450 հազարը, ապա կասկած է առաջանում, որ տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի նախօրեին ստեղծվում է շուրջ 700 հազար կեղծ քվեների «պաշար»:

«Իրավիճակը է'լ ավելի է մռայլվում, եթե հաշվի առնենք, որ կառավարության հավանությամբ պաշտոնական շրջանառության մեջ է զանգվածային լրատվության մասին խավարամիտ ու հակաժողովրդավարական օրինագիծ», - ավելացնում է մեկնաբանը: - «Մեր երկրի պարագայում գրաքննություն սահմանող նման օրինագծի պաշտոնական շրջանառությունը նշանակում է, որ հրահրվում է թեժ պատերազմ մամուլի եւ կառավարության միջեւ»:

«Հայկական ժամանակ» թերթի ընկալմամբ, եթե մինչ այս արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի առաջ «ակնհայտորեն խնդիր էր դրված. ցույց տալ, թե կառավարությունը չի հասկանում, թե ինչ է նշանակում խնդրո առարկա օրենքի ընդունումը», ապա նախարար Դավիթ Հարությունյանի վերջին մեկնաբանություններից ակնհայտ է դառնում, որ «կառավարությունը ոչ միայն հասկանում է իր արածը, այլեւ նպատակամղված գնում է մինչեւ 2003 թվականի ընտրությունները՝ մի քանի լրատվամիջոցներ փակելու ճանապարհով»:

«Հայկական ժամանակ»-ը վստահ է՝ այս նախագիծը Ազգային ժողով մտնելով հաստատ օրենք կդառնա, քանի որ առնվազն 66 մանդատավոր կուզենա իր «ներքին գեղեցկությունը» թաքցնել, իսկ նման օրենքի ընդունումից հետո Հայաստանը կվերածվի բռնատիրության:

«Ազգ» թերթում այսօր բերված է Իսրայելի արտգործնախարարության պատասխանը Հայաստանի նոտային, ըստ որի «Իսրայելը ճանաչում է հայերի ողբերգությունը եւ հայ ժողովրդի սպանդը, սակայն, այդուհանդերձ, պետք չէ այն համեմատել ցեղասպանության հետ»:

«Կարծում ենք», - ամփոփել է մեկնաբանը, - «որ Իսրայելի արտգործնախարարությունը խաղում է քաղաքական կեղտոտ խաղեր՝ մի կողմից շեշտելով այս հարցի իբր թե լայն քննարկման կարեւորությունը, մյուս կողմից սիրաշահելով Թուրքիային՝ մերժում ցեղասպանություն անվանելը»։

«Իսրայելի դեսպանը հիանալի գիտակցում էր, թե հայ հասարակայնությունը ինչպես կարձագանքի իր արտահայտություններին», - ընդգծվում է «Գոլոս Արմենիի» թերթի անդրադարձում: - «Եվ այդ դիրքորոշումը չի կարելի բացատրել պարզապես իսրայելա-թուրքական ռազմավարական հարաբերություններով: Անկախ արտաքին քաղաքական իրավիճակից, Իսրայելի ղեկավարությունը միշտ էլ խանդոտ է վերաբերում «ցեղասպանություն» հասկացությունը այլ ժողովուրդների առնչությամբ կիրառելուն: Բայցեւ պիտի հասկանա, որ ուրիշներն էլ նույնքան զգայուն կարող են լինել սեփական պատմության ողբերգական էջերի նկատմամբ»:

«Առավոտ» թերթը ուշադրություն է հրավիրում, որ «Մեր պատասխանը Իսրայելի դեսպանին» շարժումը արդեն կարծես խորանում է դեպի հակահրեականություն. «Թերեւս մի քայլ է մնում հերթագրվել հակասեմիթական համազգային շարժմանն ու դառնալ Պաղեստինի ազատագրման բանակի զինվոր։ Եթե այդպես է, եկեք ձեռքի հետ էլ պատերազմ հայտարարենք Ցեղասպանությունը չճանաչած բոլոր երկրներին... Սակայն ամենավտանգավորն ասելն է, թե ամեն ինչում մեղավոր են հրեաները։ Ոչ թե ԱՄՆ-ը կամ Իսրայելը, ոչ թե քաղաքական ու տնտեսական շահերը, այլ հենց հրեաները։ Որպես կանոն՝ ցեղասպանությունները հենց նման դատողություններից էլ ծնունդ են առնում»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG