Մատչելիության հղումներ

Փաստաբանը չի բացառում, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացու գրավոր ցուցմունքը ճանաչվի որպես ապացույց


Փետրվարի 18-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պիտի շարունակվեր 2001 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի դատավարությունը: Այս գործով անզգույշ սպանության մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախագահի անվտանգության ծառայության աշխատակից Աղամալ Հարությունյանին: Դատական նիստը, սակայն, տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Սահակյանի միջնորդությամբ հետաձգվեց մինչեւ վաղը:

Նախորդ դատական նիստում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանն ու նրա ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը հանձն էին առել գտնել եւ դատարան հրավիրել դեպքի հիմնական ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստիվեն Նյուտոնին: Սակայն արդեն փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Նյուտոնը մեկնել է Լոնդոն:

Ըստ «Հյումըն Րայթս Ուոթչ» (Human Rights Watch) միջազգային իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ալեքս Անդերսոնի, Նյուտոնի՝ որ Հայաստանում էր «Տասիս» ծրագրի շրջանակներում, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր:

Ստիվեն Նյուտոնի պայմանագրային գործունեության մասին բավականին հակասական պատասխաներ են տալիս Եվրամիության եւ «Տասիս» ծրագրի հայաստանյան գրասենյակներից: «Տասիս» ծրագրից «ԱԶատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ նրա պայմանագրի ժամկետը լրացել է անցյալ տարի հոկտեմբերի 4-ին: Այսինքն այն ժամանակ, երբ առաջին անգամ երկու շաբաթով Նյուտոնը մեկնել էր Հայաստանից:

Ապա վերադարձել ու մնացել է մինչեւ փետրվարի 2-ը, ինչը հաստատում է նաեւ Անդերսոնն իր նամակում: Սակայն Եվրամիության եւ «Տասիս»-ի ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի ներկայացուցիչները խուսափում են որեւէ մեկնաբանություն կամ պատասխան տալ, թե ինչ առաքելությամբ է Նյուտոնն այդքան ժամանակ մնացել Հայաստանում:

«Հյումըն Րայթս Ուոթչ»-ի փորձագետ Անդեսոնը դեպքի մանրամասների մասին Նյուտոնից հարցազրույց էր վերցրել անցյալ տարվա դեկտեմբերին: Այդ ժամանակահատվածում նախաքննության մարմինը փորձ չի կատարել գտնել բրիտանացուն: Ավելին, հունվարի 24-ին, երբ հայտնի էր Նյուտոնի աշխատանքի վայրը, Երեւանում ժամանակավոր բնակարանի հեռախոսահամարը, դատարանը իր կայացրած որոշմամբ դիմել էր արտաքին եւ ներքին գործերի նախարարություններին՝ գտնել Նյուտոնին: Փետրվարի 1-ի նիստին, սակայն, երկու գերատեսչություններից էլ պատասխանել էին, թե իրենց չի հաջողվել գտնել նրան:

Այդուհանդերձ, Նյուտոնի գրավոր ու մանրամասն ցուցմունքը կա եւ արդեն տարածվել է հայաստանյան մի քանի լրատվամիջոցներով:

«Ես ստացել եմ հեռախոսային զանգ մի իրավապաշտպան կազմակերպությունից, որը ինձ տեղեկացրել է, որ Նյուտոնը գործի վերաբերյալ տեղեկությունները գրավոր կուղարկի Բրիտանիայի դեսպանատուն Հայաստանում», - այսօր դատարանում ասաց Ռուբեն Սահակյանը, ավելացնելով, որ դեսպանատնից իրեն արդեն հայտնել են, որ Նյուտոնի ստորագրությամբ նամակը հյուպատոսական ծառայությունը վավերացրել է: Նամակը թարգմանելու եւ հետագա նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար վերջինս երեք օր ժամանակ խնդրեց, որպեսզի «նախապատրաստենք, ըստ նամակի բովանդակության, հնարավոր միջնորդություն»: Դատարանը, սակայն, նրան տվեց միայն մել օր:

«Ես չեմ ասում, որ կներկայացնենք միջնորդություն: Դա կախված կլինի նամակի բովանդակությունից», - ասաց փաստաբանը:

«Քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածում թվարկվում են այն ապացույցները, որոնք կարող են օգտագործվել», - պարզաբանեց Ռուբեն Սահակյանը, ավելացնելով, որ եթե վերը նշված փաստաթուղթը «իր մեջ կունենա տվյալներ, որոնք լույս կսփռեն գործի վրա, ապա կմիջնորդեն, որ դատարանը որպես ապացույց ճանաչի այն»:

Աղամալ Հարությունյանի փաստաբան Վահան Յանիկյանը բոլորովին այլ կարծիքի է: Նա մի կողմից հայտարարում էր, թե դեմ չէ, որ Ստիվեն Նյուտոնին հրավիրեն դատարան: Մյուս կողմից, նրա կարծիքով, Նյուտոնի նամակը չի կարող որպես ապացույց դատարանում ներկայացվել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG