Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի կարծիքով, Հայաստանում «գոյություն չունի» պայքար կոռուպցիայի դեմ





«Անհնար է որեւէ մեկ պետական մարմնում հաստատել օրինականություն, արդարություն, եթե այդ կերպը չի ընկալվում կամ չի ընդունվում ամենաբարձր իշխանության կողմից», - այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը:

«Այսօր շատ է խոսվում, որ մենք ընդդիմադիր կեցվածք ենք ընդունել միայն այն բանից հետո, երբ պաշտոնազուրկ ենք եղել», - խոսելով գործող իշխանությունների եւ իրենց հարաբերությունների մասին, ասաց Ալբերտ Բազեյանը: - «Եթե իշխանության մեջ մենք չունենայինք նույն կեցվածքը, պաշտոնազուրկ չէինք լինի»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը այնուհետեւ օրինակներ բերեց, թե ինչպես ինքը Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ չէր համաձայնում պաշտոնի նշանակել Գալուստ Սահակյանի որդուն, կամ հրաժարվում էր աշխատանքից ազատել Աջափնյակի թաղապետին:

«Ներկայացնում եմ վարչապետին առաջարկություն քաղաքապետի տեղակալից ազատվելու համար, ունենալով ինֆորմացիա, որ այս մարդը մաքուր չի աշխատում: Նախօրոք համաձայնեցրել եմ հարցը վարչապետի հետ: Երեկոյան ինձ զարգահարում է. «Կներես, հարցը առկախենք, որովհետեւ Սերժ Սարգսյանը համաձայն չէ», - լրագրողներին մի դրվագ պատմեց Ալբերտ Բազեյանը:

Խոսելով նախընտրական տարում ներքաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող գործոնների մասին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը շրջանակեց. - «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքը, Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիրը եւ երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը»:

Նախընտրական դաշինքների կազմավորման գործում, սակայն, ըստ նրա, դեր կունենան ոչ թե այդ գործոնները, այլ վերաբերմունքը ներկա իշխանությունների հանդեպ:

«Կուսակցությունները ավելի շատ համախմբվելու են ոչ թե քաղաքական սկզբունքների հիման վրա, այլ իշխանությանը կողմ կամ դեմ լինելու հանգամանքը հաշվի առնելով», - ասաց նա:

Ընտրություններում էլ, ըստ Ալբերտ Բազեյանի, իշխանությունները կփորձեն առաջին հերթին օգտագործել «ադմինիստրատիվ ռեսուրս»-ը՝ հենվելով, մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վրա: Կօգտագործվեն նաեւ ֆինանսական լծակները:

«Մեծ վերահսկողություն կա տնտեսավարող սուբյեկտների գործունեության վրա, եւ բավականաչափ գումարներ չեն մտնում պետբյուջե, այլ գնում են իշխանության ստվերային բյուջե՝ ընտրություններում կեղծիքներ ապահովելու կամ այլ խնդիրներ լուծելու համար», - ասաց նա:

Ընտրական գործընթացում քարոզչության դերին էլ անդրադառնալով, ընդդիմադիր կուսակցության առաջնորդը նշեց, որ լրատվամիջոցները կենտրոնացվում են իշխանությունների ձեռքերում:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքների գործադրման հնարավորությանը, ապա, նրա կարծիքով, եթե ժողովուրդն ու քաղաքական ուժերը համախմբվեն, կարող են իշխանություններին պարտադրել խաղի արդար կանոններ:

Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքին, Ալբերտ Բազեյանը ասաց. «Այն վարկածները, որոնք կան, մնում են օդում կախված: Դրսի ազդեցությունները որքա՞ն էին, կամ ինչպիսի՞ շրջանակներ են կանգնած ոճրագործների թիկունքում եւ այլն, եւ այլն: Այս կասկածները միշտ լինելու են եւ' քաղաքական ուժերի շրջանում, եւ' հասարակության մեջ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG