Մատչելիության հղումներ

Նախկին ամբաստանյալները կարող են կրկին հրավիրվել հարցաքննության


«Հոկտեմբերի 27»-ի գործով այսօրվա դատական նիստում նախագահող Սամվել Ուզունյանը հրապարակեց Հայաստանի զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ ստացված միջնորդությունը, որով վերջինս խնդրում է նախաքննության մարմնին տրամադրել դատարանում Նաիրի եւ Կարեն Հունանյանների, ինչպես նաեւ Էդվարդ Գրիգորյանի ցուցմունքների այն հատվածները, որոնք վերաբերում են նախկին ամբաստանյալներ Նաիրի Բադալյանին եւ Արմեն Հարությունյանին:

Նաիրի Բադալյանի մասով գործը դեռ նախաքննության ընթացքում կարճվել էր՝ ապացույցների անբավարարության հիմքով, իսկ Արմեն Հարությունյանը, որին մեղադրանք էր առաջադրվել իմանալ-չհայտնելու հատկանիշներով, ազատ է արձակվել անցյալ հունիսին՝ Ազգային ժողովի ընդունած համաներման մասին օրենքով:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ դատական նիստում արձանագրվել են «ուշադրության արժանի» ցուցմունքներ, որոնք որոշակիորեն փաստում են Նաիրի Բադալյանի եւ Արմեն Հարությունյանի առնչությունը քրեական գործին: Մեղադրողը չբացառեց, որ նախկին ամբաստանյալները կարող են հրավիրվել դատարան՝ հարցաքննության:

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը այօրվա նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ այդմ՝ «Հայտնի ուժերը ամեն գնով ձգտում են դատավարությունը ձգձգել մինչեւ աշուն, երբ Սահմանադրությամբ նախագահը իրավունք չի ունենա ցրել Ազգային ժողովը, որպեսզի մի անգամ էլ փորձեն նախագահի հրաժարականի պահանջով ստորագրություն հավաքել», - դատարանում հայտարարեց Նաիրի Հունանյանը: - «Այլեւս փաստ է, որ 99-ի հոկտեմբերի 27-ի գիշերը սկիզբ առած իշխանությունը զավթելու դավադրությունը շարունակում է՝ այժմ էլ դատավարությունը օգտագործելու ճանապարհով»:

Զինվորական դատախազությունից ստացած տեղեկությունների համաձայն, մինչեւ մարտի 11-ը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւս երկու ամսով կերկարացնի «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասով քրեական գործի քննությունը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG