Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ապաքինվում են վիրահատություններից հետո


Ռոբերտ Քոչարյանը կույր աղիքի վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, հետվիրահատական բարդություններ չեն եղել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի նախագահի լրատվական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը:

Նրա վկայությամբ, երեկվա վիրահատությունն այնքան հաջող է անցել, որ նախագահը կարող է հիվանդանոցից դուրս գրվել այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան եւ երկուշաբթի օրվանից անցնել աշխատանքի :

Նախագահի խոսնակը նաեւ հավաստիացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային ժամանակացույցը չի փոխվել, եւ որեւէ այցելություն չի հետաձգվել: Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ փետրվարի 25-27-ը Հայաստանի նախագահը կայցելի Սլովակիա եւ Ավստրիա:

Միաժամանակ այսօր Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովը «ԱՆՍ» անկախ հեռուստակայանին հայտնել է, որ նախագահ Հեյդար Ալիեւը իրեն լավ է զգում Քլիվլենդ ամերիկյան քաղաքում երեկ արված շագանակագեղձի վիրահատությունից հետո:

Նախարարը հայտնել է, որ ամերիկյան հիվանդանոցում կատարված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ Ալիեւի սրտանոթային համակարգը բնականոն է գործում, սակայն շագանակագեղձը մեծացած է: Ալիեւին առաջարկվել է կամ բուժվել թերապեւտիկ եղանակով կամ վիրահատվել, եւ Ադրբեջանի նախագահը նախընտրել է վիրահատությունը:

Առողջապահության նախարարի կարծիքով, Ալիեւը ամերիկյան բժիշկների հսկողության տակ կմնա 5-7 օր, ինչից հետո կվերադառնա Բաքու:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG