Մատչելիության հղումներ

Կառավարությունը ուժեղացնում է ճնշումը «ԱրմենՏել»-ի վրա


«ԱրմենՏել»-ի ներդրումային պարտավորությունների կատարումն ուսումնասիրած՝ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովն իր տասնմեկամսյա աշխատանքի արդյունքում եկել է համոզման, թե «ԱրմենՏել»-ը իր ներդումները 100 միլիոն դոլարի չափով չի կատարել:

«Ստուգումները կատարվել են ոչ միայն «ԱրմենՏել»-ում, այլեւ ամբողջ համակարգում, հանրապետության բոլոր քաղաքներում: Իրոք, գտել ենք, հայտնաբերել ենք չարաշահումներ», - Ազգային Ժողովում՝ կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող պատգամավորական ժամանակավոր հաձնաժողովի նիստում այսօր հայտարարեց միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը:

Նիստին մասնակցող կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը փոխանցեց, որ իր գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի՝ երեկ անցկացված խորհրդակցության արդյունքում արձանագրային որոշում է կայացվել՝ որոշ փաստերի վերաբերյալ գործերն ուղարկել հանրապետական դատախազություն:

«Իսկ պետությանը հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ հանձնարարվեց արդարադատության նախարարին, տրանսպորտի եւ կապի նախարարին, որպեսզի նյութերը նախապատրաստեն դատական կարգով մեր պետությանը հասցված վնասը վերականգնենք», - ավելացրեց Անդրանիկ Մանուկյանը:

Ուսումնասիրության արդյունքները, կապի նախարարի ստորագրությամբ, ուղարկվել են «ԱրմենՏել»-ին եւ հունական ՕՏԵ ընկերությանը: Երկու շաբաթվա ընթացքում սպասում են արձագանքին, ապա նաեւ՝ արձանագրված խնդիրների համատեղ քննարկմանը:

Այսօրվա նիստում, խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, դեռեւս որոշում չի ընդունվելու, սոսկ ծանոթանալու են նյութերին: Առաջիկայում հանձնաժողովի նիստին՝ խորհրդարան կհրավիրվի նաեւ «ԱրմենՏել»-ի ղեկավարությունը:

Միջգերատեսչականի աշխատանքային խմբի ղեկավար Սերժ Սարգսյանը սահմանափակվեց միայն ընդհանուր տվյալների հրապարակմամբ:

Սարգսյանի բնորոշմամբ, չարաշահումների, վատնումների ամենամեծ չափաբաժինը արտերկրից մատակարարվող սարքավորումների եւ նյութերի հետ է կապված:

«Ապրանքները եւ սարքավորումները «ԱրմենՏել» են եկել մի քանի անգամ թանկ գներով... մոտավորապես 3-4 անգամ՝ արհեստականորեն աճեցնելով ներդրումները», - ասաց նա:

Ուսումնասիրությունների մյուս ուղղությունը եղել է ծախսային դասակարգումը: Վերլուծությունը ցույց է տվել, որ «ծախսային կատեգորիաները անտեղի մտցվել են տեղեկանքի մեջ որպես ներդրում, որոնք ընդամենը ինքնարժեքային ծախսեր են: Եվ տարեկան արդյունքներով «ԱրմենՏել»-ը հաշվետվություն է տվել եւ իր եկամտային մասը համապատասխանաբար իջեցրել է»:

Ուսումնասիրությունների երրորդ ուղղությունը շինարարությունն է: Սարգսյանն ասաց, որ եղել են հանրապետության այն վայրերում, որտեղ «ԱրմենՏել»-ը կամ «ԱրմենՏել»-ի համար շինարարական աշխատանք է տարվել, եւ հայտնաբերվել են «մեծ չափերի չարաշահումներ ու վատնումներ», ավելանելով, որ դրանով զբաղվելու են դատաիրավական մարմինները:

«ԱրմենՏել»-ը այս հարցերի շուրջ առայժմ լռություն է պահպանում: Ընկերության հանրային կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդամենը, որ կառավարությունից դեռեւս ոչինչ չեն ստացել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG