Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանականները մեկնաբանում են նախագահի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ


«Նախագահը խոստովանեց, որ իր համար էականն ու կարեւորը ոչ թե Սահմանադրությունն է, ոչ թե համակարգային փոփոխություններն են, այլ առաջնայինը իր ընտրվելն է», - անդրադառնալով երեկ Երեւանի պետական համալսարանում սահմանադրական փոփոխությունների գործընթացներին վերաբերող նախագահ Քոչարյանի արտահայտած տեսակետներին, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանային կառավարում նախատեսող Սահմանադրության նախագծի համահեղինակներից Շավարշ Քոչարյանը:

Նախագահը երեկ ասել էր, որ եթե հանրաքվեի դրվի նաեւ Սահմանադրության այլընտրանքային տարբերակը, տարբերակներից ոչ մեկը չի կարողանա հավաքել անհրաժեշտ քանակությամբ քվեներ, եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կտապալվի: Ռոբերտ Քոչարյանը ասել էր նաեւ, որ եթե հանրաքվեն տեղի ունենա մինչեւ նախագահական ընտրությունները եւ նախագահի ներկայացրած տարբերակը չանցնի, դա կարող է ընդդիմությանը շահարկումների առիթ տալ նախընտրական շրջանում :

«Ցավալի դրսեւորում է, որ երկրի կարեւորագույն օրենքի ընդունումը կապվում է մեկ անձի շահերի հետ», - ասաց Շավարշ Քոչարյանը: - «Եվ ավելի ցավալի է, որ արդեն ելնելով իրենց փոքր շահերից, տարբեր քաղաքական ուժեր եւ պատգամավորներ ծառայում են արդեն այդ մեկ անձի շահին»:

«Դնել եւ համեմատել մեկը մյուսի հետ, ես կարծում եմ, ուղղակի կոռեկտ չէ», - նման տեսակետին հակադրվում է խորհրդարանում ՀՅԴ խմբակցության նախագահ Աղվան Վարդանյանը: - «Սահմանադրության բարեփոխումները անհրաժեշտ են, բայց դա պիտի գիտակցի եւ' Շավարշ Քոչարյանը, եւ' մյուսները, ովքեր իրենց քաղաքական շահարկումներով այս խնդիրը անընդհատ հակադրության մեջ պահելով, բացառում են քաղաքական ուժերի եւ հասարակության կոնսենսուսը»:

Նրա կարծիքով, լավագույն տարբերակը սահմանադրական հանրաքվեն հասարակական հաներաշխության մթնոլորտում անցկացնելն է, սակայն՝ «տվյալ դեպքում մենք այդպիսին չունենք»: Մյուս կողմից էլ, ըստ Վարդանյանի, ակնհայտ է, որ գործող Սահմանադրության կոշտ մոտեցումները պետք է բարեփոխվեն:

Այս տեսակետի օգտին փաստարկներ բերեց Աժ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը: «Իրոք, մենք պետք է ընտրենք ոչ թե հեղափոխական, արմատական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունը, այլ գնանք այն ճանապարհով, որը այսօր ներկայացրել է հանրապետության նախագահը՝ եղած Սահմանադրության մեջ կատարել որոշակի փոփոխություններ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: Ըստ Գագիկ Ասլանյանի, հանրաքվեն նպատակահարմար է անցկացնել ԱԺ ընտրությունների հետ միասին:

Ազգային ժողովի հերթական ընտրությունները պիտի կայանան 2003 թվականի գարնանը՝ նախագահական ընտրություններից հետո:

Հանրաքվեի անցկացման ժամկետների մասին հետեւյալ տեսակետը հայտնեց «Ագրոարդյունաբերողների ժողովրդավարական միության» պատգամավորական խմբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը.
«Նպատակահարմար է, որպեսզի համազգային քաղաքականության համար, ազգի ճակատագրի համար պատասխանատվությունը ստանձնելու պատրաստ նախագահական թեկնածուները նաեւ առիթ ունենան իրենց քարոզարշավի ժամանակ անդրադառնալու առաջադրված նախագծի թերություններին եւ առավելություններին, այդ նախագծի արդյունավետությանը կամ անարդյունավետությանը»:

Ռոբերտ Քոչարյանը երեկ ասել էր նաեւ, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հարկավոր է զերծ պահել նախընտրական տրամադրություններից: Այս առիթով Հմայակ Հովհաննիսյանը ասաց. «Սահմանադրության մշակման խնդիրը, Սահմանադրության քննարկման խնդիրը պետք է դուրս լինի նախընտրական անցուդարձից, բայց Սահմանադրության հանրաքվեն դա ընտրություն է, եւ չի կարելի խույս տալ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG