Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը պահանջարկ ունի արտաքին շուկայում


ԱՄՆ-ի գյուղատնտեսության դեպարտամենտի կողմից Հայաստանում իրականացվող մարկետինգի աջակցության ծրագրի ղեկավար Քրեյգ Ինֆանգերի գնահատմամբ, Հայաստանում ագրոբիզնեսի, գյուղատնտեսության զարգացումը ավելի խոստումնալից է, քանի Ռուսաստանում, ուր նա նույնպես աշխատել է:

1996 թվականից Հայաստանում իրականացվող ամերիկյան այս ծրագիրը բավականին ընդգրկուն է: Գյուղատնտեսական ոլորտին ցուցաբերվում է մասնագիտական, ֆինանսական, մարկետինգային աջակցություն: Սա նշանակում է, որ օգնում են գյուղմթերքներ արտադրող հայկական ձեռնակություններին մասնակցել միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին, ուսումնասիրում են արտաքին շուկաները, աջակցում արտահանմանը:

Ամերիկյան ծրագիրը նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում: 2001 թվականին 2,5 միլիոն դոլարի վարկեր են տրամադրվել: Ամերիկացիները վարկը տրամադրում են առանց տոկոսի, բայց Հայաստանի առեւտրային բանկերը այդ գումարից վարկը տալիս են 15 տոկոսով եւ գրավի դիմաց:

Վարկային ծրագրի ղեկավարի խոսքերով, ագրոբիզնեսի վարկավորումը Հայաստանում բավականին ռիսկային է համարվում, եւ դա է պատճառը, որ տեղական բանկերից շատ քչերն են սեփական միջոցներով վարկավորում այդ ոլորտը:

Ամերիկյան ծրագրի օգնությամբ հայկական ագրոբիզնեսի ձեռնակությունները մասնակցել են միջազգայաին 11 ցուցահանդես-տոնավաճառների:

«Մեր ծրագրի աջակցությամբ անցած տարվա ընթացքում 200 հազար շիշ գինի է արտահանվել», - ասաց Ինֆանգերը, ավելացնելով, որ Հայաստանը կարողացել է վերագտնել գինու սպառման շուկաները:

Անցյալ տարվա ընթացքում արտահանվել է նաեւ 4 հազար տոննա տոմատի մածուկ, 1000 տոննա մրգի խթանյութ եւ այլն: Հայաստանում արտադրված այծի պանիրը Մոսկվայում վաճառվում է կավե կճուճներով՝ 300 գրամը գրեթե 7 դոլարով:

Հայկական սննդամթերքը վաճառվում է նաեւ Միացյալ Նահանգներում: Քրեյգ Ինֆանգերը ասաց, թե իր համար դժվար է հավատալ, սակայն փաստն այն է, որ 1999 թվականի դեկտեմբերից ի վեր Հայաստանից 200 տոննա պաղպաղակ է արտահանվել Լոս Անջելես:

Հայաստանից Միացյալ Նահանգներ են արտահանվում նաեւ բնական հյութեր, խոտաբույսերից պատրաստված թեյի տեսակներ, գինի:

Քրեյգ Ինֆանգերի կանխատեսմամբ, այս տարի հայկական գյուղմթերքների արտահանումը 30 տոկոսով կավելանա: Նրա խոսքերով, արտաքին շուկաները բաց են հայկական մուրաբանների, չոր մրգերի, բնական թեյերի, պահածոների, գինիների, հյութերի, հանքային ջրերի համար:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG