Մատչելիության հղումներ

Հայաստանը վերաձեւակերպում է Վրաստանի պարտքը


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողաիդելին այսօր Թբիլիսիում ստորագրեցին համաձայնագիր, որով վերաձեւակերպվեց Վրաստանի 16 միլիոն դոլար պարտքի վճարումը Հայաստանին:

Մինչեւ 2002 թվականի վերջը վճարվելիք պարտքը, ըստ այսօր ստորագրված համաձայնագրի, կարող է վճարվել 20 տարվա ընթացքում: Վճարումը կսկսվի 2004 թվականից: Այդ ժամկետից սկսած չվճարված պարտքի գումարը ամեն տարի կավելանա 3 տոկոսով:

Հայաստանը գրեթե մեկ տարի ձգվող բանակցություններում պահանջում էր 4 տոկոս: Վարդան Օսկանյանը 3 տոկոս գործակցի ընդունումը բնութագրեց որպես Երեւանի կողմից «բարի կամքի» դրսեւորում:

Ընդհանուր առմամբ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար: Մնացած 4 միլիոնը մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց պարտքն է, որը վրացական կողմը պարտավորվել է վճարել մինչեւ ընթացիկ տարվա մարտ ամիսը: Հայաստանի էներգետիկայի ոլորտի պատասխանատուները, սակայն, թերահավատ են, թե պարտքը կվճարվի պայմանավորված ժամկետում:

Պաշտոնական այցի առաջին օրը՝ երկուշաբթի, Օսկանյանն ու իր վրաց գործընկեր Մենաղարիշվիլին արդեն ստորագրել էին «Իրավական ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը:

Երկու երկրների արտգործնախարարները իրենց հանդիպումների ընթացքում անընդհատ շեշտում են միջազգային եւ եվրոպական կազմակերպություններում համագործակցաբար հանդես գալու գաղափարը, հատկապես՝ տարածաշրջանային փոխգործակցության առումով:

Երեքշաբթի տեղի է ունեցել նաեւ Վարդան Օսկանյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Ըստ տարածված պաշտոնական սուղ հաղորդագրության, կողմերը քննարկել են համատարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր՝ շեշտելով հակամարտությունների կարգավորման, տնտեսական համատեղ ծրագրերի մշակման անհրաժեշտությունը:

Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Վրաստանը միասնաբար անվանեց «քրիստոնեական օազիս»: Հանդիպման ժամանակ շեշտվեց, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ վիճելի հարցեր չկան՝ կան սոսկ չլուծված հարցեր:

Չլուծված հարցերից մեկը կապված է վիրահայության խնդիրների հետ: Երեկ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Օսկանյանի հանդիպման ընթացքում հնչել էին բողոքներ, թե Վրաստանից Հայաստան անցնելու համար իրենք մուծում են 43 դոլար ճանապարհատուրք: Վարդան Օսկանյանը խոստացավ զբաղվել այդ հարցով:


Արմեն Զաքարյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG