Մատչելիության հղումներ

Տարաձայնություններ Հայաստանի կոմկուսի ղեկավարությունում


Մինչ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների կոմունիստական կուսակցությունների ղեկավարների խորհրդակցությանը, կուսակցության պաշտոնաթերթը խիստ քննադատության է ենթարկում նրան:

«Հայաստանի կոմունիստ» թերթի խմբագիր, Հայկոմկուս խորհրդարանական խմբակցության անդամ Նորիկ Պետրոսյանը այսօր կուսակցության պաշտոնաթերթի խմբագրականում գրել է. «Պարզապես չկա այն առաջնորդը, որը լենինաբար կհայտարարի՝ կա’ այդ ուժը, որը երկիրը միայնակ դուրս կբերի ճգնաժամից»:

ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը, մեկնաբանելով սա, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. «Նորիկ Պետրոսյանի այդ մտքերը ես չեմ կիսում: Այսօր երկիրը այնքան ճգնաժամային սոցիալ-տնտեսական վիճակի մեջ է գտնվում, որ պարզապես որեւէ կուսակցություն իր ուժերով չի կարող դուրս գալ այս վիճակից»:

«Առողջ ուժերի համախմբում է պետք», - ասաց Խառատյանը, ավելացնելով, որ ներկա պահը գաղափարական խնդիրներ լուծելու համար հարմար չէ»:

Կոմկուսի կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի պաշտոնանկ արված նախագահ Վանյա Մխիթարյանը մեկ այլ հայաստանյան լրագրում ծանր մեղադրանքներ է ներկայացնում կուսակցության ղեկավարությանը:

«Դարբինյանը եւ նրա կամակատարները ուղղակի քրեական հանցագործներ են եւ հափշտակում են կուսակցության դրամական միջոցները. ես այդ կապացուցեմ: Կուսակցության ֆինանսական մուտքերը եւ ելքերը բացարձակապես մեկմեկու չեն համապատասխանում», - ասել է նա «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG