Մատչելիության հղումներ

ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը՝ սուր քննադատության թիրախ


Անցյալ շաբաթ կառավարության կողմից հաստատված ԶԼՄ-ի մասին նոր օրենքի նախագիծը, դեռեւս Ազգային ժողովում շրջանառության մեջ չմտած, արդեն արժանացել է լրատվամիջոցների խիստ քննադատությանը:

Քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրներում լրագրողներն իրենց հատուկ օրենքը չունեն: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին «Արմինիաուիք» (Armeniaweek) ինտերնետային էջի համախմբագիր Թոնի Հալփինը, Մեծ Բրիտանիայում զանգվածային լրատվամիջոցների եւ լրագրողների համար հատուկ օրենք չկա:

«Լրագրողների իրավունքներն ավելին չեն, քան երկրի այլ քաղաքացիներինը: Երկրի բոլոր քաղաքացիները պարզապես պարտավոր են պահպանել գործող բոլոր օրենքները», - ասաց Հալփինը:

ԶԼՄ-ների մասին օրենքներ գործում են նախկին խորհրդային հանրապետություններում, Թոնի Հալփինի փոխանցմամբ՝ նաեւ «Ասիայի մի քանի երկրներում: Զիմբաբվեում էլ վերջերս է նման օրենք ընդունվել, որով փաստորեն վերահսկվում է լրատվամիջոցների գործունեությունը եւ հենց այդ պատճառով էլ օրենքը խիստ քննադատության է արժանացել»:

Հալփինին զարմացնում էր այն հանգամանքը, որ Երեւանի մամուլի ակումբը ոչ թե պայքարում է հատուկ օրենք ունենալու դեմ, այլ օրինագծի իր մշակած տարբերակն է առաջարկում: Ազգային ժողովի նաեւ լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությամբ, Հայաստանի օրենսդրական դաշտն այնքան էլ հստակեցված չէ, որ այդ օրենքի անհրաժեշտությունը չզգացվի:

«Անհրաժեշտություն է այն օրենքը, որը կապահովեր այդ ոլորտի ազատությունները, սահմանադրական իրավունքները եւ այն իրավունքները, որոնք մենք ունենք ըստ միջազգային պարտավորությունների», - ասաց Շավարշ Քոչարյանը: Սակայն կառավարության հաստատած օրինագիծը, ըստ նրա, անհրաժեշտ է, որ չընդունվի, քանի որ «հակասում է այդ բոլոր դրույթներին»:

«Ինտերնյուս» կազմակերպության իրավախորհրդատու Կարեն Անդրեասյանի կարծիքով էլ, օրենքն անհրաժեշտություն է, սակայն ներկայացված նախագծի թերություները «այնքան սկզբունքային են եւ այնքան բազմաթիվ, որ այդ օրինագծի հետագա քննարկման հարցը թերեւս կասկածի տակ է դրվում»:

Լրագրողները հույս ունեն, որ հանրության դժգոհության ալիքը կխոչընդոտի նախագծի՝ խորհրդարանում շրջանառության մեջ դրվելուն: «Կան մի շարք սկզբունքային խնդիրներ, որոնք հակաժողովրդական են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Կարեն Անդրեասյանը:

Օրինագծի 7-րդ հոդվածում, օրինակ, ամրագրված է, որ
լրատվությունը տարածումից առաջ գրաքննության ենթակա չէ: Մեկ այլ՝ «Լրատվական գործունեության պետական հսկողությունը» խորագրով հոդվածում ասված է, որ այն իրականացվում է «ՀՀ օրենսդրությանը համապատասխան, պետական կառավարման լիազորված մարմնի՝ տարածված լրատվության ուսումնասիրման միջոցով»:

«Անընդունելի է վերահսկող լիազորված մարմնի առկայությունը», - մեկնաբանեց Շավարշ Քոչարյանը, ասելով, որ դա նույն «սովետական Գլավլիտն է»:

Օրինագծում բավականին բարդեցված է չինովնիկներից տեղեկատվություն ստանալու մեխանիզմը: Լրատվություն ստանալու խնդրանքը տրվում է գրավոր, որում հստակ շարադրվում է անհրաժեշտ լրատվության էությունը: Հայցվող լրատվությունը տրվում է դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում:

Բրիտանացի լրագրող Թոնի Հալփինը Հայաստանում իր կարճատեւ լրագրողական փորձից եզրահանգում է, որ շատ դժվար է այստեղ տեղեկատվություն ստանալը: Այնինչ, ըստ նրա, ինչպես ընդունված է Միացյալ Նահանգներում, իշխանավորներն ավելի բաց ու թափանցիկ պետք է լինեն իրենց հարկատուների համար, տրամադրեն, որոշ բացառություններով, ցանկացած փաստաթուղթ:



Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG