Մատչելիության հղումներ

Սկսվեց Վարդան Օսկանյանի այցը Վրաստան





Երկուշաբթի օրը երկօրյա պաշտոնական այցով Վրաստան ժամանած Վարդան Օսկանյանը արդեն հանդիպել է իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Մենաղարիշվիլու եւ խորհրդարանի ղեկավարության հետ:

«Եթե պատկերացնենք մի պահ, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են խաթարվել», - Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, - «այդ դեպքում տարածաշրջանում անխուսափելի են բաժանարար գծերի առաջացումը, ինչում շահագրգիռ ուժեր նույնպես կան»:

Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ շատ մեծ է պատասխանատվությունը նման զարգացումները կանխելու գործում: Համաձայնելով սրան, վրացական կողմը ի պատասխան նշեց, թե Նինո Բուրջանաձեի անցած տարեվերջի հայաստանյան այցից հետո լուծվել են հայ-վրացական հարաբերություններում արձանագրված որոշ խնդիրներ:

Մասնավորապես, Վրաստանի պետավտոտեսչությունը լրջորեն վերահսկում է հայկական ատոմեքենաների երթեւեկությունը վրացական տարածքում՝ կանխելով հաճախակի ու անհարկի հարկումները: Շուտով կսկսվի Հայաստանին կապող ավտոճանապարհի վերանորոգումը:

Հայաստանն էլ ընդառաջել է վրացական առաջարկներին. հայկական կողմը սկսել է ականազերծման աշխատանքները Նոյեմբերյանին հարող հայ-վրաց-ադրբեջանական սահմանամերձ գոտում: Հայաստանը նաեւ բարի կամք է դրսեւորել Վրաստանի 20 մլն դոլարի պարտքը վերակազմավորելու հարցում:

Անդրադառնալով աբխազական երկաթգծի բացման հարցին, Նինո Բուրջանաձեն առաջադրեց հետեւյալ գաղափարը. կարելի է աշխատեցնել երկաթգիծը՝ միաժամանակ կազմակերպելով վրաց փախստականների վերադարձը Աբխազիա:

Վարդան Օսկանյանը, ի պատասխան Բուրջանաձեի ասածի ենթատեքստի, թե նույն տարբերակը կարող է կիրառելի լինել նաեւ Ղարաբաղում, ասաց, որ միանգամայն տարբեր են Աբխազիայի եւ Ղարաբաղի խնդիրները:

Արտգործնախարարի խոսքերով, Հայաստանը ընդհանուր առմամբ պաշտպանում է Աբխազիայի հարցը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մոտեցումը: Իսկ Ղարաբաղի հարցում այդ սկզբունքը միանշանակորեն չի կարող կիրառվել, քանի որ, խորհրդային շրջանից զատ, Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պատմական ու իրավական որեւէ հիմք չունի այն իր կազմում պահելու:

Վարդան Օսկանյանն ասաց, այդուհանդերձ, որ Հայաստանը, հանուն հակամարտության խաղաղ կարգավորման, պատրաստ է փոխզիջումների: «Հիմա Մինսկի խմբի համանախագահները աշխատում են նոր առաջարկների վրա, որոնցով շուտով կայցելեն տարածաշրջան», - ասաց Վարդան Օսկանյանը:

Հայաստանի արտգործնախարարը դրականորեն արձագանքեց Վրաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Բարամիձեի առաջարկին, որպեսզի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովները սկսեն համագործակցել՝ տարածաշրջանի ընդհանուր անվտանգության հայեցակարգը մշակելու նպատակով:

Խոսելով Ախալքալակից ռուսաստանյան ռազմական բազան դուրս բերելու մասին, Հայաստանի արտգործնախարարը կրկին ընդգծեց, որ դա Վրաստանի սուվերեն իրավունքն է:

Երկուշաբթի ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վաղը նախատեսված է Վարդան Օսկանյանի հանդիպումը Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ:


Արմեն Զաքարյան, Թբիլիսի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG