Մատչելիության հղումներ

Հայաստանից հեռանալուց հետո միայն «Առագաստ» սրճարանի սպանության ականատես վկան թույլատրել է հրապարակել իր հարցազրույցը


Անցյալ տարի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստը շարունակվելու է փետրվարի 18-ին: Փետրվարի 1-ից հայտարարված ընդմիջման ընթացքում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Պողոսյանը պետք է գտներ ականատես հիմնական վկա, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության քաղաքացի Ստեֆան Նյուտոնին:

Ստեֆան Նյուտոնը առաջիններից մեկն էր տեսել, թե ինչպես են ծեծում Պողոս Պողոսյանին եւ աղմուկ էր բարձրացրել: Այդ մասին առաջին տեղեկությունը հրապարակավ լրագրողներին հայտնել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը 2001 թվականի սեպտեմբերի 26-ին:

Նախաքննության մարմինը Ստեֆան Նյուտոնին գտնելու փորձ երբեւէ չի կատարել, նույնիսկ Դավիթ Հարությունյանի հրապարակավ կատարած հայտարարությունն է անուշադրության մատնվել: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, մեղադրող Էդուարդ Սարիկյանը ասաց, որ նախարարից այդ մասին տեղեկություն ստանալու փորձ անգամ չի արվել:

Անցյալ շաբաթ «Հյումըն Րայթս Ուոթչ » (Human Rights Watch) միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Ալեքս Անդերսոնը «Արմինիըն Ինթըրնաշնլ Մագըզին» (Armenian International Magazine) ամսագրի հայաստանյան մասնաճյուղի թղթակից Ժաննա Ալեքսանյանին է տրամադրել դեռ 2001 թվականի դեկտեմբերին Ստեֆան Նյուտոնի հետ անցկացրած հարցազրույցը:

Վերջինս խնդրել է Անդերսոնին հարցազրույցը չհրապարակել, մինչեւ ինքը չի հեռանա Հայաստանից, որովհետեւ «նա տեսել է թե ինչպես էին Հայաստանի նախագահի աշխատակազմից, թիկնազորից, իրավապահ մարմիններից ոմանք սպանությանը եւ այն քողարկելուն մասնակից դառնում»: Նյուտոնը նաեւ ասել է, թե, մեղմ ասած, չի վստահում հայաստանյան լրագրողներին եւ սեփական անվտանգության համար մտավախություն ունի:

«Հյուման րայթս ուոթչ» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը անցած տարեվերջին հանդես էր եկել այս գործով մեղադրական եզրակացությունը դատապարտող հայտարարությամբ՝ պնդելով, որ «Առագաստ» սրճարանում սեպտեմբերին տեղի ունեցած սպանության գործով «մեղադրանքը չի համապատասխանում կատարված հանցագործության ծանրությանը»:

Իսկ դեպքի օրը Ստեֆան Նյուտոնի զբաղեցրած սեղանը ուղիղ սրճարանի զուգարանի մոտ է եղել: Նրա խոսքերով, նախագահի հեռանալուց հետո սրճարան են եկել 6-9 թիկնապահներ: Ինքը տեսել է, թե ինչպես Պողոսյանին եւ նրա ընկերոջը՝ Ստեփան Նալբանդյանին հրել են զուգարան եւ փակել դուռը: Ստեֆանը ներս է նետվել: Ներսում տեսել է, որ աստիճանների վրա մի թիկնապահ ծեծում է Պողոսյանի ընկերոջը՝ Ստեփան Նալբանդյանին: Ստեֆանը միջամտել ու սաստել է թիկնապահին, ինչից հետո վերջինս հեռացել է: Ըստ Նյուտոնի, այդ թիկնապահը Աղամալ Հարությունյանը չի եղել:

«Տասիս» ծրագրի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ Ստեֆան Նյուտոնի առաքելությունը Հայաստանում ավարտվել է 2001 թվականի հոկտեմբերի 4-ին: Հայաստանից նա մեկնել է միայն 2002-ի փետրվարի 2-ին: Որից հետո միայն համաձայնել է, որ Ալեքս Անդերսոնը տարածի հարցազրույցը:

Փետրվարի 18-ին կայանալիք դատական նիստին Ստեֆան Նյուտոնը, ամենայն հավանականությամբ, ներկա չի լինի: Սպանվածի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք հնարավոր է միջնորդեն, որ Նյուտոնի ցուցմունքը հրապարակվի դատարանում: Նա ավելացրեց, սակայն, թե վստահ է, որ «օգուտ չունի»:

Հավանաբար Անդրանիկ Պողոսյանը փետրվարի 18-ի դատական նիստում կհայտարարի, որ այլեւս չի մասնակցելու դատավարությանը:

«Ինչ իմաստ ունի իմ մասնակցությունը, երբ արդեն որոշված է, սցենարը գրված է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Անդրանիկ Պողոսհանը մտադիր է պայքարը շարունակել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններում կամ նրանց միջոցով:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG