Մատչելիության հղումներ

logo-print

Կահույքագործությունը հայաստանյան մանր ու միջին գործարարության հաջողված ոլորտներից է


Երեւանի մերձակայքում Արգավանդ գյուղի բնակչության կեսից ավելին այս կամ այն կերպ ընդգրկված է կահույքագործության մեջ՝ հումքի հայթայթումից մինչեւ արտադրանքի իրացում: Եթե 7-8 տարի առաջ մայրաքաղաքից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին գնտվող Արգավանդ գյուղում կահույքի մոտ մեկ տասնյակ խանութ կար, ապա այսօր դրանց թիվը անցնում է 60-ից:

Կահույքի արտադրամասի տեր Արամը, որը 12 տարի առաջ սկսել է ուրիշի արտադրամասում որպես բանվոր աշխատելուց, այժմ աշխատեցնում է սեփական արտադրամասը եւ իրեն հաջողակ գործարար է համարում:

«Եթե որեւէ մեկը կարողանում է ապահովել 5-6 ընտանիքի ապրուստը, ուրեմն կարող է իրեն համարել հաջողակ», - ասում է նա:

Սկզբնական շրջանում ամեն ինչ պատրաստել է սեփական ձեռքերով, իսկ հիմա նրա արտադրամասում 10 մարդ է աշխատում: Շինարարության եւ անհրաժեշտ սարաքավորումների վրա էլ ծախսվել է ընդհանուր առմամբ մոտ 10 հազար դոլար:

Արամի արտադրամասում աշխատող բանվորները աշնան ամիսներին, երբ աշխուժանում է առեւտուրը, ստանում են մինչեւ 300 դոլար աշխատավարձ: Տարվա մնացած ամիսներին նրանց վաստակը կրճատվում է կիսով չափ: Այս վերջին հանգամանքը, ըստ գործարարի, պատճառ է դառնում, որ մասնագետ բանվորները հեռանան Հայաստանից:

«Նույն աթոռը, օրինակ, Մոսկվայում կրկնակի թանկ արժե, քան այստեղ, իսկ իրացման ծավալներն անհամեմատելի են», - ասաց Արամը:

Նրա խոսքերով, հարկերը տանելի են եւ կոնկրետ կահույքագործության զարգացմանը առայժմ լրջորեն չեն խոչընդոտում: Իսկ նման արտադրամասերում արտադրվող կահույքի որակը եւ արտադրական հզորությունները նրան հիմք են տալիս պնդելու, որ եթե պետական որեւէ մարմին կամ որեւէ խոշոր գործարար որոշի հայկական կահույք արտահանել, այն կարող է մրցունակ լինել:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG