Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նյու Յորքում ավարտված համաշխարհային տնտեսական ավանդական ֆորումին մերի նման երկրները մասնակցում են նպատակ ունենալով «գովազդել» իրենց երկիրը՝ հրավիրել ներդնողների: Ադրբեջանի նախագահը, Ռուսաստանի վարչապետը մեծ պատվիրակություններով նման խնդիրներ էին լուծում: «Իսկ Հայաստանը ներկայացրեց... արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ ոչ՝ նախագահը», - հարց է դնում «Ազգ»-ի մեկնաբանը: - «Ինչո՞ւ ոչ՝ վարչապետը կամ գոնե փոխվարչապետը (հետաքրքիր կլիներ, օրինակ, տեսնել Հովիկ Աբրահամյանին նյույորքյան ամբիոնին): Վերջապես, ինչո՞ւ ոչ՝ «տնտեսական բլոկի» նախարարները»:

«Յուրօրինակ պրակտիկա է արմատավորվել մեր կառավարությունում, մեկի գործը մյուսի վրա բարդել», - այս կապակցությամբ շեշտում է մեկնաբանը: - Եվ ստացվում է խիստ յուրօրինակ պատկեր. պաշտպանության նախարարը զբաղված է տնտեսության հարցերով, արդարադատության նախարարը՝ հեռախոսակապի, եւ այլն: Գուցե ազգային անվտանգության նախարարն էլ կարողանա լուծել, ասենք, առողջապահության ու շինարարության ոլորտների աշխատավարձերի պարտքերի հարցը, իսկ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը ուշքի բերի «Հայկական ավիաուղիները»:

«Այսօր արդեն որոշ պաշտոնյաներ ծիծաղում են նման եղանակով իշխանության մարմինների թափանցիկությունը մեծացնելու հույսերի վրա», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Կարծում ենք, որ եկամուտների հայտարարագիր կոչվածը ոչնչով չի նպաստելու կառավարման թափանցիկությանը, կոռուպցիայի նվազեցմանը եւ իշխանավորների ազնվացմանը: Այն ավելի շուտ կհանդիսանա մարդկանց վրա կոմպրոմատներ հավաքելու, մշտական վախի մեջ պահելու, հայտարարածը ստուգելու եւ սուտը բռնելու մի անվերջանալի գործընթաց»:

«Առավոտ»-ում էլ կրկին ընդգծված է, որ եկամուտների այս հայտարարագրումը անիմաստ եւ որեւէ գործնական նպատակ չհետապնդող «միջոցառում» է, քանի որ բացակայում է պաշտոնյաներին վերահսկելու մեխանիզմը: Այլապես, իրականում հայտարարագրման կտրոնը շատ փոքրածավալ է խոշոր պաշտոնյաներից որեւէ մեկի որեւէ դղյակի պարունակությունը նույնիսկ տեղավորելու համար:

«Լավ, կառուցել են, բայց գոնե թող համապատասխան գույքահարկ մուծեն», - խնդրին մեկ այլ տեսանկյունից է նայում «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Այլապես, պարզվում է, մեր հանրապետությունում 20 հազար դոլարից ավելի գին ունեցող առանձնատուն ներկայացված չէ, ըստ այդմ էլ մուծվում են նվազագույն հարկեր, եւ պետական բյուջե չի մտնում տասնյակ միլիոն դոլարների հասնող գումար»:

«Կնոջ հայացք» խորագրի տակ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, «Առավոտ»-ի հարցազրույցում ասում է. «Մինչ մամուլի ուշադրությունը սեւեռված է հիմնականում քաղաքական գործիչների վրա՝ որեւէ կուսակցության չպատկանող զանազան դեմքեր, մնալով ստվերում՝ ավելի մեծ ավերածություններ են գործում։ Այս համոզվածությունն ունեի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջանում, երբ խոսում էին, թե նա կամ այնինչը տուն է սարքում Փարիզում կամ չգիտեմ որտեղ»։

Հսկայական թալանը արեն են հիմնականում միջին օղակները: «Հիմա էլ են նրանք ավելի շատ օգտվում։ Մարդիկ կան, որոնք Լեւոնի իշխանությունից մինչեւ հիմա մնացել են, բոլորը գիտեն դրանց մասին։ Բայց չգիտես ինչի՝ նրանք մնում են ջրի երեսին»։ Վարդուհի Իշխանյանի հայացքով, հասարակության մեջ, քաղաքական մթնոլորտում ատելությունն ու թույնը գնալով ավելանում է. «Այն ժամանակ թույն կար միայն ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Հիմա թույն կա եւ' իշխանության ներսում՝ միմյանց նկատմամբ, եւ' ընդդիմության ներսում։ Հետո՝ բոլորի հավակնություններն են շատ մեծացել, քանի որ իշխանական նշաձողը շատ իջավ եւ հիմա ամեն մեկին թվում է, թե ինքն էլ կարող է դառնալ նախարար, վարչապետ, նախագահ»։

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկատվությամբ, Մոսկվայում գտնվող ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը այդպես էլ երեկ չի կատարել իր խոստումը եւ հրաժարականի դիմումը չի ուղարկել:

«Դարբինյանի այս պահվածքը է՛լ ավելի է զայրացրել նրա պաշտոնանկության ջատագովներին, եւ այս օրերին շարունակվում է հակադարբինյանական կոմպրոմատների հավաքագրումը: Թե ինչով կավարտվի այս պատմությունը եւ ի վերջո կհաջողվի՞ Դարբինյանին պաշտոնանկ անել, դժվար է ասել», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ապստամբները ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում տեսնում են Սանատրուկ Սահակյանին: Ինքը՝ Սահակյանը, հրապարակայնորեն հայտարարում է, որ դեմ է Դարբինյանի պաշտոնանկությանը: Բայց նման հայտարարություններն ակնհայտորեն այն դեպքի համար են, երբ Դարբինյանը շարունակի պաշտոնավարել»:

«Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած այցից հետո Հայաստանի քաղաքական շրջանակներում առկա է որոշ մտահոգություն, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները սերտանում եմ: Կարո՞ղ է դա հանգեցնել Հայաստանի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումների փոփոխության»: «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. «Չեմ կարող պնդել, թե այդ մտահոգությունները բացարձակապես անհիմն են: Սակայն, մյուս կողմից, միայն մեկ պաշտոնական այցից, որքան էլ այն հաջողված թվա, չի կարելի վերջնական հետեւություններ անել... Կյանքում միշտ էլ լինում են տատանումներ, բայց դա չի նշանակում, թե հարաբերությունների հիմնական ուղղությունը դրանից փոխվում է... Այնպես որ, խուճապի մատնվելու հիմքեր չեմ տեսնում»:

Իսկ մասնավորապես ղարաբաղյան խնդրի կտրվածքով Վահան Հովհաննիսյանը ասում է. «Առնվազն տարակուսանք է հարուցում Ռուսաստանի որոշ պասիվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացներում: Մասնավորապես այն առումով, որ Ռուսաստանը հայտարարում է, թե կընդունի ցանկացած լուծում, որի շուրջ կողմերը կպայմանավորվեն: Ակամայից հարցեր են առաջանում. Ռուսաստանը շահեր չունի՞ Անդրկովկասում եւ մի՞թե իրենց համար միեւնույն է, թե տարածաշրջանում ուժերի ինչպիսի դասավորություն տեղի կունենա, երբ Վրաստանն ու Ադրբեջանը անթաքույց ձգտում են դեպի ՆԱՏՈ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG