Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը դատի է տալիս «Արմենտել»-ին


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «ԱրմենՏել»-ի դեմ քրեական գործ հարուցելու հայցով գրություն է ուղարկել հանրապետության գլխավոր դատախազություն: Հիմնավորումն այն է, որ «ԱրմենՏել»-ը փաստորեն խախտել է Կառավարություն - «ԱրմենՏել» բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունն ու ստորագրված համաձայնագիրը:

Արադարադատության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Արա Սաղաթելյանի պարզաբանմամբ, կողմերի ստորագրած համաձայնագրում «հստակ նշված է, որ սակագները ներառում են ավելացված արժեքի հարկը՝ ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ քաղաքացիների համար»:

Սա նշանակում է, որ եթե առաջարկված տարբերակով քաղաքացիները պետք է կանխավճար մուծեին 2400 դրամ, իսկ իրավաբանական անձինք՝ 5100 դրամ, ապա երկու դեպքում էլ 20 տոկոս ավելացած արժեքի հարկը ներառվում էր: Համաձայնագիրը ստորագրելուց մի քանի օր հետո, սակայն, «ԱրմենՏել»-ը մամուլով հայտարարություն է տարածում, ըստ որի իրավաբանական անձանցից գումարը գանձելիս հավելագրում է ավելացրած արժեքի հարկը:

Իսկ երբ արդարադատության նախարարը դիմում է «ԱրմենՏել» ձեռնարկությանը՝ վրիպումը շտկելու նպատակով, «ԱրմենՏել»-ը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արա Սաղաթելյանը, անհասկանալի պատասխան է տալիս:

«Գնահատելով որպես դիտավորություն «ԱրմենՏել»-ի վերոհիշյալ գործողությունները, արդարադատության նախարարը դիմեց հանրապետության գլխավոր դատախազություն՝ փաստերը ուսումնասիրելու եւ օրենքի համաձայն ընթացք տալու վերաբերյալ», - պարզաբանեց Արա Սաղաթելյանը:

Գրությունը գլխավոր դատախազություն ուղարկվել է երեկ ուշ երեկոյան, եւ արդեն այսօր գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն արդեն զբաղվում էր տվյալ հարցով:

Ըստ վարչության պետ Գեւորգ Դանիելյանի, համապատասխան հարցում-գրություն է նախապատրաստվում «ԱրմենՏել»-ից պարզաբանումներ ստանալու նպատակով: Դանիելյանի հավաստմամբ, առայժմ բավարար հիմքեր չկան քրեական գործ հարուցելու համար: Ամեն ինչ պարզ կլինի, երբ «ԱրմենՏել»-ը պատասխանի գլխավոր դատախազության հարցմանը:

«ԱրմենՏել»-ից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ իսկապես նման հայտարարություն եղել է եւ, ըստ նրանց, ստորագրված համաձայնագրով իրավաբանական անձանց համար սահմանված սակագնի մեջ չի ներառվում ավելացած արժեքի հարկը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG