Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դրվի ԱԺ-ում մեկ ընթերցմամբ ընդունվելուց հետո


Ազգային ժողովի սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովը, ի տարբերություն խորհրդարանական կառավարում նախատեսող այլընտրանքային տարբերակի, դրական եզրակացություն է տվել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակին:

Թերեւս, այնքան էլ ճիշտ չեն սահմանադրական վեցյակի կանխատեսումները, թե Սահմանադրության հանրաքվեն կհետաձգվի մինչեւ հանրապետության նախագահի 2003 ընտրությունները կամ նույնիսկ ավելի ուշ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագիծը պաշտպանող ճամբարը պարզապես կարող է անակնկալի բերել խորհրդարանական կառավարում նախատեսող տարբերակի հեղինակներին:

Այլընտրանքային տարբերակի համահեղինակ Շավարշ Քոչարյանն այսօր փոխանցեց սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ասածը, թե հանրապետության նախագահի նախագիծը խորհրդարանում միայն մեկ ընթերցմամբ հաստատվելով էլ կարող է դրվել հանրաքվեի:

Ըստ Շավարշ Քոչարյանի, դա Ազգային Ժողովի կանոնակարգի խախտում կլինի, ըստ հակառակ կողմի՝ Սահմանադրությունն ու կանոնակարգը դա թույլ են տալիս:

Չի բացառվում իրադարձությունների հետեւյալ զարգացումը. փետրվար֊-մարտին Ազգային Ժողովը քննարկում է երկու նախագիծն էլ, նույնիսկ նշանակություն չունի՝ թե որը որից առաջ կամ հետո: Եթե վեցյակի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվի էլ, մինչեւ երկրորդ եւ ամբողջովին ընթերցում դեռ ժամանակ կունենա անցնելու: Իսկ նախագահի նախագիծը՝ առնվազն 66 կողմ ձայն ստանալու դեպքում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը կստորագրի ու հանրաքվե կնշանակի:

Միասնական նախագծի հեղինակներն, ամեն դեպքում, վճռական են երկու նախագիծն էլ միաժամանակ հանրաքվեի հասցնելու հարցում:

ՍԻՄ֊ի նախագահ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանի կարծիքով, «Ասպարեզ է իջեցված Սահմանադրության ավելի լուրջ, այլընտրանքային տարբերակ, եւ այս տարբերակը պետք է դրվի հանրաքվեի»:

Երեւանի փողոցներում անցկացված հարցախույզը ցույց տվեց, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը չի հետաքրքրվում սահմանադրական փոփոխությունների գործընթացով, չի վստահում ո'չ նախագահին, ո'չ Ազգային ժողովին:

«Բոլորս, իշխանության բոլոր թեւերը չեն վայելում ժողովրդի վստահությունը, որովհետեւ ժողովուրդը օտարված է իշխանությունից», - այս առիթով ասաց Շավարշ Քոչարյանը: - «Անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ», ինչը, ըստ Քոչարյանի, նախատեսում է միասնական նախագիծը եւ չի նախատեսում նախագահի նախագիծը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG