Մատչելիության հղումներ

Ցեղասպանության թանգարանի ու հուշահամալիր բացումը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կարժենա 50 միլիոն դոլար


2000 թվականի մարտին Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել էր, որ ձեռք է բերել Միացյալ Նահանգների ֆեդերալ բանկի նախկին շենքը, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնի սրտում՝ գրեթե Սպիտակ Տան հարեւանությամբ: Ամերիկայի հայկական համագումարը ծրագրում է 50 միլիոն դոլար ծախսել՝ այդ շենքում իր գրասենյակը, Հայկական ազգային ինստիտուտը (ANI) եւ Ցեղասպանության թանգարանը տեղակայելու համար:

Ցեղասպանության թանգարանի եւ հուշահամալիրի ծրագրի տնօրեն Ռոս Վարթյանի խոսքերով, ծրագրի իրականացման համար կպահանջվի 4-6 տարի:

«Փորձագետների գնահատմամբ, թանգարանը կունենա տարեկան մոտ 250 հազար այցելու: Մեր հաշվարկներով, ամբողջ ծրագրի իրականացումը կարժենա առնվազն 50 միլիոն դոլար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռոս Վարթյանը: - «Թանգարանը կունենա մշտական ցուցասրահ, շրջիկ ցուցահանդեսների համար ցուցանմուշներ, ինտերնետային էջ, կրթական եւ այլ ծրագրեր»:

«Կարեւոր է, որ մենք ԱՄՆ-ի մայրաքաղաքում ենք, Սպիտակ Տան գրեթե հարեւանությամբ, եւ ծավալելու ենք մեր գործունեությունը մինչը Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը: Անգամ դրանից հետո էլ թանգարանը կշարունակի իր գոյությունը», - ավելացրեց Ռոս Վարթյանը:

Ամերիկայի հայկական համագումարի նախկին գործադիր տնօրեն Ռոս Վարթյանը, ասաց նաեւ, թե որեւէ հակասություն չկա այն բանում, որ վերջին երեսուն տարվա ընթացքում ցեղասպանության ճանաչման գործընթացում ակտիվորեն ներգրավված կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը անդամակցում էր Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբին:

«Մենք կարեւոր ենք համարում երկխոսությունը հայերի եւ թուրքերի միջեւ եւ կշարունակենք հնարավորություններ որոնել երկու ժողովուրդների միջեւ երկխոսություն ծավալելու ուղղությամբ», - ասաց նա:

Վարթյանի խոսքերով, թուրքական կառավարությունը մտահոգություն է արտահայտել ցեղասպանության թանգարան բացելու՝ Ամերիկայի հայկական համագումարի ծրագրերի առնչությամբ, ավելացնելով, սակայն, որ այդ մտահոգությունը որեւէ ճնշման չի վերաճել:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG