Մատչելիության հղումներ

Ամերիկահայերը սաստկացնում են ճնշումը ամերիկյան ապահովագրական ընկերության նկատմամբ


Տարին նոր է սկսվել, բայց «Նյու Յորք լայֆ» ամերիկյան ապահովագրական ընկերության դեմ ամերիկահայերի ծավալած պայքարում նոր ճակատ է բացվել, ընդ որում՝ հենց Նյու Յորք նահանգում, որտեղ գրանցված է այդ ընկերությունը: Մինչեւ այժմ գլխավոր ճակատամարտը տեղի էր ունենում Կալիֆորնիայում:

Անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում բնակվող հազարավոր հայեր ապահովագրել են իրենց կյանքը եւ վկայագրեր ստացել «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ընկերությունից: Հետո տեղի ունեցավ այն, ինչի ճանաչման համար մինչեւ այժմ պայքարում են հայերը՝ ցեղասպանությունը: Ապահովագրական վկայագրեր ունեցողների մեծ մասը զոհվեց, չկան նաեւ նրանց ժառանգները:

Բայց մնացել են անհատներ, որոնց ձեռքին մինչեւ այժմ կան «Նյու Յորք լայֆ»-ի տված վկայագրերը: Նրանցից մեկը Մարտին Մարությանն է, որը երեք տարի առաջ 11 այլ հայցվորների հետ միասին ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանի օգնությամբ Լոս Անջելեսում դատական գործ նախաձեռնեց նյույորքյան ընկերության նկատմամբ, պահանջելով վերադարձնել ոչ միայն իրեն, այլեւ բոլոր մյուս պարտատերերին հասանելիք գումարը: Իսկ այդ գումարը հայցվորների գնահատմամբ այժմ՝ ցեղասպանությունից 87 տարի անց, կազմում է 3 միլիարդ դոլար:

Հասկանալի էր, որ ոչ մի ընկերություն նույնիսկ Ամերիկայի չափանիշներով հսկայական այս գումարի հետ հեշտությամբ չէր բաժանվելու: Եվ սկսվեցին երկարատեւ բանակցությունները, որոնց արդյունքում «Նյու Յորք լայֆ»-ը անցած ապրիլին ի վերջո համաձայնվեց պարտատերերին վերադարձնել 10 միլիոն դոլար եւ 3 միլիոն էլ հատկացնել սփյուռքի հայկական կազմակերպություններին: Հայկական կողմը, բնականաբար, հրաժարվեց:

Անցած ամսվա վերջին Վաշինգտոնում գործող Հայկական ազգային ինստիտուտը՝ (ANI), լոսանջելեսյան զարգացումներին զուգընթաց նաեւ այլ ճանապարհ ընտրեց: Փորձեց հենց ամերիկյան պետության միջոցով ստանալ հայերին հասանելիք գումարները: Գաղափարն այն է, որ թեեւ ապահովագրության վկայագրեր ստացած հայերի մեծ մասը կոտորվել է, նյույորքյան ընկերությունը իրավունք չուներ գրպանելու ժամանակին նրանց մուծած գումարները: Ցեղասպանության թանգարանի ծրագրի ղեկավար Ռոս Վարթյանի կարծիքով, եթե հայերի անցկացրած ուսումնասիրությունները հաստատվեն, կստացվի, որ «Նյու Յորք լայֆ»-ը պարզապես խախտել է օրենքը եւ ապօրինաբար հարստացել հայերի հաշվին:

Հայկական ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը մանրամասնում է, որ ամերիկյան ընկերությունը պարզապես պարտավոր էր հայերի լքյալ սեփականությունը, այսինքն այն գումարները, որոնք մնացել են ընկերությունում ցեղասպանությունից հետո, հանձնել պետությանը, տվյալ դեպքում՝ Նյու Յորքի նահանգին: Նրա կարծիքով, Նյու Յորք նահանգի գանձապետարանը, որին դիմել է Հայկական ազգային իստիտուտը, կարող է պահանջել, որ ընկերությունը վերադարձնի գումարները ապահովագրվածների ժառանգներին, իսկ եթե այդպիսիք չկան՝ գումարները պետք է հանձնվեն հայությանը, հայ համայնքին:

Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա, Ռուբեն Ադալյանի կարծիքով, դեռ անցած դարասկզբին 8000 ապահովագրվածների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դոլար: Հիմա այն, բնականաբար, աճել է:

Ռոս Վարթյանն էլ կոնկրետ թիվ չի նշում, բայց համոզված է, որ համենայնդեպս այդ գումարը զգալիորեն ավելի մեծ է, քան «Նյու Յորք լայֆ»-ի առաջարկած 10 միլիոն դոլարը:

Հայերի պահանջած 3 միլիարդ դոլարը ընկերությունը խիստ չափազանցված է համարում: Ըստ «Ֆրեզնո բի» թերթի՝ ավելի իրատեսական թիվը, որն ամիսներ առաջ ներկայացրել է փաստաբան Եղիայանը, 687 միլիոն դոլարն է: Այսինքն՝ նախնական գումարը ցեղասպանությունից հետո անցած 87 տարիների ընթացքում ավելացել է տարեկան 7 տոկոսով:

«Ի դեպ, հայերի պահանջը նյույորքյան ընկերության նկատմամբ հիմնված է հենց այդ ընկերության նախկին ղեկավարների վկայությունների վրա», - ասում է Ռուբեն Ադալյանը:

Իրոք, ժամանակին հենց իրենք՝ «Նյու Յորք լայֆ»-ի նախագահն ու փոխնախագահը Ամերիկայի պետդեպարտամենտի հետ նամակագրության ընթացքում հաստատել են, որ Թալեաթ փաշան Թուրքիայում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաույից պահանջել է հայերի ապահովագրական փողերը, քանի որ, ըստ Թալեաթի, հայերը Թուրքիայի քաղաքացիներ էին: Մորգենթաուն հետագայում ասել է. «Դա ամենացնցող պահանջն էր, որը լսել էի իմ կյանքում»:

«Նյու Յորք լայֆ»-ն անցած տարի խոստացել էր հրապարակել բոլոր հայերի ցուցակը, որոնք ապահովագրված էին այդ ընկերությունում: Մինչեւ այժմ, սակայն, որեւէ ցուցակ չի հրապարակվել:

Ճնշումը «Նյու Յորք լայֆ»-ի վրա գնալով մեծանում է, ընդ որում այժմ արդեն՝ տարբեր կողմերից: Ու նաեւ հասկանալի է, թե ինչու է գործն այդքան դժվար առաջ շարժվում. խոսքը փողի մասին չէ, խոսքը հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին եւս մեկ կարեւոր քայլ կատարելու մասին է:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG