Մատչելիության հղումներ

Փորձագետները տարակարծիք են Ռուսաստանի կովկասյան վերջին քայլերի շուրջ


Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» պաշտոնաթերթի հրապարակումը, որով կանխատեսվում է, թե Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը խորանալու է, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:

Պուտին-Ալիեւ պայմանավորվածությունների հիման վրա Ռուսաստանը պարտավորվել է տեխնիկապես վերազինել ու արդիականացնել ոչ միայն Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը, այլեւ՝ այդ երկրի ռազմաօդային ուժերը:

Ռազմական հարցերով փոչձագետ Ալեքսանդր Գոլցը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, սակայն, թե ստույգ հայտնի է ընդամենը, որ ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում բարձրացրել է Գաբալայի ռադարային կայանի հակաօդային եւ ռազմաօդային պաշտպանության գործում ոչ թե արդիականացման, այլ սոսկ օժանդակության հարցը:

Գոլցի ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի հակաօդային եւ ռազմաօդային ուժերի արդիականացման մասին մոսկովյան բանակացություններում խոսք չի եղել: Նրա կարծիքով, հետեւաբար «Կրասնայա զվեզդա»-յի հրապարակումը թյուրըմբռնման հետեւանք է. կամ թղթակիցն է սխալ հասկացել ասվածը, կամ նրան սխալ տեղեկություններ են տվել:

Ալեքսանդր Գոլցը, թեեւ չբացառեց Ռուսաստանի կողմից հետագայում Ադրբեջանի հակաօդային ու ռազմաօդային ուժերի արդիականացմանն օժանդակելը, հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու տարի առաջ դուրս է եկել ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրից, ուստի, իր կարծիքով, հազիվ թե ռուս-ադրբեջանական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը շատ լայն ծավալում ունենա:

Մեկ այլ ռուսաստանցի վերլուծաբան՝ Անդրանիկ Միհրանյանի կարծիքով, Պուտինի եւ Ալիեւի միջեւ կնքված ռազմական պայմանագիրը կարող է սպառնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

«Ադրբեջանի ռազմաօդային ուժերը Ռուսաստանի օգնությամբ արդիականացվելուց հետո կարող են օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դեմ՝ եթե հանկարծ վերսկսվի այդ հանգած հակամարտությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միհրանյանը:

«Թըրքիշ Դեյլի Նյուս» թուրքական օրաթերթը երկուշաբթի օրը հայտնել է, որ Թուրքիայի դիվանագիտական շրջանակներում որոշակի անհանգստություն կա Ալիեւի եւ Պուտինի պայմանավորվածությունների առնչությամբ:

Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Նադիր Դեւեթը, մոսկովյան ռազմական համաձայնությունները այս պահին չեն հակասում Թուրքիայի քաղաքականությանը, եւ Անկարան մտահոգվելու առիթ առայժմ չունի:

«Ալիեւը հմուտ քաղաքական գործիչ է: Նա մեկ կարող է խաղարկել Մոսկվայի խաղաքարտը, մեկ՝ Անկարայի: Բայց հարաբերությունները Թուրքիայի հետ այս պահին շատ լավ են», - ասաց թուրք փորձագետը: - «Ալիեւի նախաձեռնությունները չեն հակասում Թուրքիայի շահերին նաեւ այն առումով, որ Թուրքիան ինքն է արդեն համագործակցում Մոսկվայի հետ ռազմական բնագավառում»:

Իսկ բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լեյլա Բաթը, մեկնաբանելով սերտացող համագործակցությունը Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, գտնում է, որ Մոսկվան չի փոխի իր նախապատվությունները Հարավային Կովկասում եւ կշարունակվի հենվել Հայաստանի վրա:

«Հայաստանը Ռուսաստանի ամենամեծ դաշնակիցն է Կովկասում եւ Միջին Ասիայում, եւ Մոսկվան չի պատրաստվում լքել Հայաստանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեյլա Բաթը:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG