Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական ուժերը դեմ են մահապատժի վերացմանը


Մարդու իրավունքների եվրոպական կոնվեnցիայի վեցերորդ արձանագրությունն օրերս նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղարկել է Սահմանադրական Դատարան՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանելու շուրջ եզրակացություն ստանալու համար: Դրական եզրակացության դեպքում փաստաթուղթը, որը «Հոկտեմբերի 27»֊-ի հանցագործության առանձնահատկությունը նկատի ունենալով, բուռն վեճերի տեղիք է տալիս, կուղարկվի Ազգային Ժողով՝ վավերացման:

Վավերացման ենթակա փաստաթղթի բովանդակությունն այսպիսին է. «Մահապատիժը վերացվում է: Ոչ ոք չի կարող մահապատժի դատապարտվել կամ մահապատժի ենթարկվել»: Բացառություն է արվում միայն պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների համար:

Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, լուրջ աշխատանք տանելու դեպքում, հնարավոր է ապացուցել, որ տարբեր բաներ չեն պատերազմի սպառնալիքը եւ «Հոկտեմբերի 27»-ը:

«Քանի դեռ քրեական օրենսգրքով ցմահ բանտարկությունը չի արձանագրվել, չի կարելի խոսել մահապատիժը վերացնելու կամ չվերացնելու մասին», - ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ նույնպես ընդունելով «Հոկտեմբերի 27»֊-ի հանցագործության համար բացառությունը:

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության եւ ընդհանրապես միջազգային կառույցների հետ աշխատող պաշտոնյաների մասին ասաց, թե նրանք պարտավոր էին «Հոկտեմբերի 27»֊-ի գործով բացառության հասնելու անհրաժեշտության մասին համոզել Եվրախորհրդին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ի պատասխան ասաց, որ փորձել են ամեն ինչ անել, բայց՝ «նրանք բացառություն չեն ընդունում»:

«Հայաստանը եւ Հայաստանի պատվիրակությունը ի վիճակի չեն Եվրոպայի խորհրդի հիսուն տարվա հաստատված կանոնները փոխել», - ասաց նա:

«Հայաստան» պագամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանի կարծիքով, «եթե բացառություն չի արվելու «Հոկտեմբերի 27»-֊ի հարցով, մենք միանշանակ դեմ ենք մահապատժի վերացմանը»:

«Մեր գործողությունները պետք է համահունչ լինեն համայն քաղաքակիրթ աշխարհի գործողություններին, որոնք դրսեւորվել են սեպտեմբերի 11֊-ի ահավոր ահաբեկչությունից հետո», - իր ղեկավարած «Ազգային միաբնություն» կուսակցության տեսակետը փոխանցեց «Իրավունք եւ միաբնություն» խմբակցության ղեկավար Արտաշես եղամյանը: - «Տեռորիզմին ներում չկա»:

Հայկոմկուսը նույնպես դեմ է քվեարկելու արձանագրության վավերացմանը: «Հայաստանում տիրող այս քրեածին իրավիճակում, մահապատժի վերացումը նշանակում է խրախուսել մարդասպանությունը», - ասաց խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG