Մատչելիության հղումներ

Ձախ ընդդիմությունը չի թաքցնում իր նպատակները





«Սոցիալիստական Հայաստան» միավորումը շարունակում է պահանջել իշխանությունների հրաժարականը, պատրաստ է «ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը» եւ նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին:

«Մենք չենք էլ թաքցնում, որ միասնական եթե ուզում ենք ներկայացնել մեր ծրագիրը ժողովրդին, եւ այդ ծրագիրը իրականացնելու հավակնություն ունենք, իհարկե, մենք պետք է գնանք ընտրություններին՝ միասնական, որպեսզի ձեւավորենք գաղափարական մեծանասնություն Ազգային ժողովում եւ իրականացնենք մեր ծրագիրը՝ դեմոկրատական սոցիալիզմի իրականացման մոդելը», - միավորման առաջին համաժողովում հինգշաբթի օրը ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանը:

Բացի ՀԴԿ-ից, «Սոցիալիստական Հայաստան» միավորմանն անդամակցում են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» միությունը, «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, «Սոցուժերի եւ մտավորականների միությունը» եւ, ինչպես հայտնի դարձավ այսօր՝ Գիտաարդյունաբերական քաղաքացիական միությունը (ԳիԱրՔՄԻ): Հայաստանի կոմկուսը, որի անդամակցությունը ձախ ուժերի այս միությանը նույնպես ակնկալվում էր, անցած շաբաթ հայտարարեց, որ չի անդամակցելու, թեեւ որոշ հարցերի շուրջ համագործակցելու է «Սոցիալիստական Հայաստան»-ի հետ:

Այսօր անցկացված համաժողովի հիմնական նպատակը միավորման ծրագրային դրույթները ներկայացնելն էր: «Սոցիալիստական Հայաստանի» ղեկավարների կարծիքով, մեր երկրում առաջին անգամ ձեւավորվել է գաղափարակից քաղաքական ուժերի միավորում:

Համաժողովում հայտարարվեց, որ միավորումը այսօրվա իշխանությունների ոչ միայն գաղափարական, այլեւ քաղաքական հակառակորդն է: Թեեւ անդամակցող ուժերից երկուսը՝ ՀԴԿ-ն եւ ԳիԱրՔՄԻ-ին 1998 թվականի նախագահական ընտրություններում պաշտպանում էին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, այսօր ՀԴԿ նախագահը միավորման անունից հայտարարեց. «Թող այսօր հանրապետության նախագահը ինքը որոշի, թե որքան ժամանակ է իրեն մնացել կառավարելու մեր երկիրը»:

«Մենք գտնում են, որ օր առաջ պետք է հրաժարվել այս իշխանություններից, որոնք սնանկ են, եւ հետապնդելու ենք այն թեզը, որպեսզի երկրում կայանան արտահերթ ընտրություններ», - ավելացրեց Արամ Սարգսյանը: - «Եվ մենք չենք թաքցնում մեր նպատակները»:

Համաժողովը ընդունեց հայտարարություն, որում, մասնավորապես ասված է. «Մենք պատրաստ ենք ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը՝ դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատումով»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG