Մատչելիության հղումներ

Կառավարությունը վերահսկելու է Հայաստանում իրականացվող մարդասիրական ծրագրերը


Դիտարկումները ցույց են տալիս, որ մարդասիրական օգնության անվան տակ Հայաստան մտնող բեռների հիմնակման մասը, որոշ գնահատումներով՝ 70-80 տոկոսը, ամենեւին էլ ձրի չի բաշխվում հասցեատերերին, այլ ուղղակի վաճառվում է ներքին շուկայում: Սա նույնպես, ըստ էության, ստվերային տնտեսության դրսեւորում է։

Չի կարելի ասել, թե պաշտոնական կառույցներն այս ամենից տեղյակ չեն եղել: Պարզապես, հարկային եւ մաքսային մարմինների հետ «լեզու գտնելով», այդ տիպի գործարարները մինչ այժմ «խաղաղ գոյակցել են»՝ իհարկե երկուստեք գոհ մնալով գործարքից։ Արդյունքում տուժել է թե' պետական բյուջեն եւ թե' մարդասիրական օգնության բուն գաղափարը։

Կառավարության այսօրվա նիստում ընդունեց «Մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի մասին» որոշումը, որով հաստատվեց մարդասիրական օգնության բեռներից վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի փոխհատուցման կարգը։

Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը նիստից հետո լրագրողներին ասաց, թե այսուհետ տնտեսավարող սուբյեկտները փոխհատուցում կստանան մարդասիրական օգնության մասով ներկրվող բեռների վրա սահմանված ավելացված արժեքի հարկի չափով։ Նպատակը, ըստ փոխնախարարի, մարդասիրական ծրագրերի վրա պետական վերահսկողության իրականացումն է:

Աբովյանի պարզաբանմամբ, տվյալ անձը կամ կազմակերպությունը մինչեւ մարդասիրական բեռը ներկրելը, պետք է նախօրոք դիմի մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողով ու նրանից ստանա ավելացված արժեքի հարկը վճարած լինելու հավաստագիր։

Փաստորեն, սա ձեւական ու որեւէ վճարում չենթադրող գործողություն է, որի նպատակը սոսկ պետությանն իրազեկելն է, թե այս կամ այն անձը ցանկանում է բարեգործություն անել։

Ակնհայտ է, որ եթե այս որոշումն իսկապես կիրառվի, ապա բարեգործության քողի տակ գործող շատ առեւտրականներ ստիպված կլինեն մուծել հարկերը, հետեւաբար՝ առնվազն այդ չափով բարձրացնել իրենց վաճառած ապրանքների գները։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG