Մատչելիության հղումներ

Լրտեսության մեղադրանքով ձերբակալված Հայաստանի քաղաքացու դատավարությունը բաց կլինի


Ազգային անվտանգության առաջին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանը չորեքշաբթի օրը պնդեց, որ հունվարի 26-ին ձերբակալված Հայաստանի քաղաքացուն Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանք առաջադրելու համար կան հիմնավոր ապացույցներ:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ դատավարությունը բաց կլինի, վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ նման դեպքի բացահայտումը համարելով ազգային անվտանգության մարմինների «լավ աշխատանքի արդյունք»:

«Պետական շահերը այսօրվա դրությամբ թելադրում են անունը չտալ», - ասաց նաեւ Գրիգոր Գրիգորյանը, ասելով, որ ազգային անվտանգության նախարարության հաղորդագրունում անուն չի նշվել:

Մամուլից, սակայն, հայտնի է, որ Թուրքիայի օգտին լրտեսության կասկածանքով հունվարի 26-ին ձերբակալված Հայաստանի քաղաքացին թուրքագետ Մուրադ Բոջոլյանն է: Նա 1990-ականների սկզբից աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես Թուրքիայի բաժնի վարիչ: Այնուհետեւ՝ Հայաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թարգմանիչ:

Բոջոլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով՝ «Հայրենիքի դավաճանություն՝ լրտեսության ձեւով»: Հոդվածով նախատեսված պատիժը խիստ է՝ մահապատիժ կամ 10-15 տարվա ազատազրկում:

Թուրքիայի առաջատար «Հյուրիեթ» թերթի մեկնաբան Ֆերայի Թինչը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում հաստատել է, որ Մուրադ Բոջոլյանը ժամանակ առ ժամանակ թղթակցում էր իրենց թերթին: Վերջին հոդվածը, սակայն, տպագրվել է տարիներ առաջ: Իրենց վերջին հանդիպմանն էլ, ըստ Թինչի, Բոջոլյանը փողի կարիք ուներ:

Թուրք լրագրողը չի հավատում, թե Բոջոլյանը կարող էր լրտեսությամբ զբաղվել: Թինչը ավելացրեց նաեւ, թե Թուրքիան Մուրադ Բոջոլյանի՝ Հայաստանի մասին հավաքած քաղաքական եւ տնտեսական լուրերի կարիքը չունի:

«Տնտեսական տեղեկություններն աչքի առջեւ են, ամեն մեկը մյուսի տնտեսությունը գիտի», - ասաց թուրք լրագրողը: - «Անկեղծ ասած, ես շատ շատ ցավում եմ նրա համար»:

«Ազատություն» ռադիոկայաինի հաջողվել է զրուցել է նաեւ Երեւան֊Ստամբուլ֊- Երեւան ավտոբուսային չվերթներ կազմակերպող «Բուսե» թուրքական տուրիստական ֆիրմայի աշխատակցի, ինչպես նաեւ հունվարի 26֊-ին ավտոբուսով Երեւանից Ստամբուլ մեկնած մի ուղեւորի հետ:

Ըստ այդ ականատեսների, Ստամբուլ մեկնող չորս ավտոբուսները հունվարի 26֊-ին մի քանի ժամ կանգնեցվել են Բագրատաշենի մաքսային սահմանային անցակետում, ապա լուր է տարածվել, որ ազգային անվտանգության մարմինները երկու ուղեւորի են ավտոբուսից իջեցրել ու տարել՝ լրտեսության կասկածներով:

Այդ երկուսը եղել են Մուրադ Բոջոլյանը եւ իր տիկինը՝ Լյուդմիլա Բոջոլյանը: Վերջինս, ի դեպ, փետրվարի 1-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Իմ ամուսինն անմեղ է, դա սարքած գործ է»:

Բոջոլյանին ճանաչող մի ուղեւոր էլ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Բոջոլյանը մեծ քանակությամբ ապրանք Թուրքիայում երբեք չի գնել, պարտքով էր առեւտուրն անում, եւ իր տպավորությամբ, բարի, կիրթ, համեստ մարդ է:


Էմիլ Դանիելյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG