Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անբարոյականությունը շարունակվում է» վերնագրի տակ է «Առավոտ» թերթի այսօրվա առաջին լուրը, թե «Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը փետրվարի 4-ին որոշում է կայացրել վերացնել քննիչ Հակոբ Բաբայանի որոշումը Վազգեն Սարգսյանի, Արծրուն Մարգարյանի եւ Մովսես Գեղանգուլյանի մասով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ նրանց մահվան կապակցությամբ։ Գլխավոր դատախազի որոշման մեջ նշված է, որ այս մասով «նախաքննությունն անհրաժեշտ է շարունակել՝ նույն գործից անջատված մասի շրջանակներում, ինչից հետո հանգել վերջնական հետեւության»։

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ էլ. «Սա նշանակում է, որ նախաքննության մարմինը պետք է շարունակի քննությունը եւ պետք է փորձի Վազգեն Սարգսյանի եւ մյուսների մեղավորությունն ապացուցող փաստեր ձեռք բերել: Այսինքն, դատախազությունը պետք է փորձի ապացուցել, որ Վազգեն Սարգսյանը եւ մյուսները հանցագործ են: Իհարկե, դատախազությունը կառաջարկի հարցը նայել զուտ իրավական հարթության մեջ, բայց ակնհայտ է, որ գործող իշխանությունը ի վերջո չկարողացավ թաքցնել իր ատելությունը Վազգեն Սարգսյանի նկատմամբ», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ»-ում այսօր հրապարակված է Ժողովրդական կուսակցության հայտարարությունը, ըստ որի, ՀԺԿ-ն կողմ լինելով եվրոպական կառույցներին ինտեգրվելուն, խիստ վաղաժամ է համարում մահապատժի վերացումը:

«Բոլորը քաջ գիտակցում են, որ «Հոկտեմբերի 27»-ի պարագայում մահապատժի վերացումը խոչընդոտ է դառնալու հանցագործության բացահայտմանը ու նաեւ կանաչ լույս՝ բոլոր նրանց առջեւ, ովքեր իշխանությունը զավթելու կամ ամրապնդելու նպատակին հասնելու միջոցների միջեւ խտրականություն չեն դնում։ Սեպտեմբերի 11-ից հետո ծավալված իրադարձություններից հետո ավելորդ է այն մտահոգությունը, թե քաղաքակիրթ աշխարհը մեզ չի հասկանա։ Ողջ աշխարհում մահապատժին դեմ արտահայտվողների ամենահիմնական կռվանը արդարադատության, դատարանի սխալվելու հնարավորությունն է, կասկածի առկայության պարագան։ «Հոկտեմբերի 27»-ի դեպքում անմիջական կատարողներն ակնհայտ են», - ասված է ՀԺԿ հայտարարության մեջ։

«Առավոտ»-ում այսօր նաեւ վերլուծված է, թե ինչու է վարչապետ Մարգարյանին «սպառնում» երկարակեցություն: «Ավելի հավանական է համարվում, որ Մարգարյանի պաշտոնանկության խնդիրը ծագի միայն առաջիկա նախագահական ընտրությունների անմիջապես նախաշեմին կամ անգամ դրանից հետո», - գրում է մեկնաբանը: - «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներն այն կարծիքին են, որ վարչապետ Մարգարյանը շատ էլ լավ ձեռնտու է եւ' Ռոբերտ Քոչարյանին, եւ' Սերժ Սարգսյանին... Մյուս կողմից՝ քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ «նախագահականում» հիմա ավելի շատ մտահոգված են ոչ այնքան նոր վարչապետի թեկնածության փնտրտուքով, որքան նախագահի՝ որպես 2003-ի նախագահի թեկնածուի, նոր իմիջի ու ծրագրային դրույթների, ներառյալ՝ հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների, Արեւմուտքի հետ սերտ համագործակցության, ղարաբաղյան կնճռի մոտալուտ կարգավորման, նոր աշխատատեղերի բացման եւ տնտեսական նոր հրաշքների տեսլականի երկնումով»:

Անդրանիկ Մարգարյանի երկարակեցության հիմնական կռվաններից մեկն էլ, ըստ «Հայկական ժամանակ»-ի, Դաշնակցությանը ավելի լուրջ պաշտոններ, առաջխաղացման դաշտ չտալն է:

«Հայկական ժամանակ»-ում այսօր մեծածավալ մի պատկերավորում կա, թե ինչպես, մինչ Դաշնակությունը անընդհատ խոսում է կոռուպցիայի եւ պետական միջոցների փոշիացման մասին, Արագածոտնի մարզում, որի մարզպետը դաշնակցական է, միայն երկու բնակելի շենքերի շինարարությունից պետական բյուջեից թալանվել է 100 միլիոնից ավելի գումար:

«Ողջ քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունի երկաթե մի կանոն. պետական չինովնիկը իրավունք չունի սեփական գործողություններով վարկաբեկել իշխանությանը, որի ներկայացուցիչն է հենց ինքը», - հիշեցնում է այսօր «Հայոց Աշխարհ» թերթի խմբագիրը: - «Նա կարող է ունենալ երկար քիթ կամ մեծ, կախ ընկած փոր, ճաղատ գլուխ կամ ընդամենը մեկ ծալք ուղեղում եւ բազում այլ թերություններ: Միակ բանը, որ պիտի լինի անթերի, դա հեղինակությունն է»:

«Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ ընդդիմադիր մամուլը հրապարակում է այս կամ այն պաշտոնյային պատկանող դղյակների լուսանկարները՝ համապատասխան մեկնաբանություններով: Միանգամից նշենք՝ ճիշտ էլ անում է», - իր մտահոգությունները ավելի որոշակիացնում է խմբագիրը: - «Քանզի մարդը, որը պետական ծառայության մեջ է Հայաստանի նման աղքատ երկրում, իրավունք չունի կերտել ապարանքներ, որոնց տեսքից նույնիսկ Բրյունեի սուլթանը կկախվի նախանձից: Ի՞նչ զգացումներ կարող են առաջացնել հասարակ մարդկանց մեջ այդ պերճաշուք կառույցները: Միայն դառը կսկիծ, հիասթափություն, համոզվածություն, որ «ազնիվ պաշտոնյա» եւ «ծաղկուն Հայաստան» բառակապակցությունները ուտոպիական են, իսկ ախտորոշումը առաջվա պես դաժան է. «Գողանում են»:

«Մեկը մյուսի հետեւից դղյակներ կառուցող պաշտոնյաները արդեն ոչ մի բանից չեն ամաչում», - ընդգծում է խմբագիրը: - «Անամոթությունը դարձել է ժամանակի խորհրդանիշ: Այն ամենը, ինչ նախկինում տեղի էր ունենում բեմի հետեւում, սքողված հանդիսատեսի աչքերից, ներկայումս անամոթաբար դուրս է եկել լույս աշխարհ»: Այնպես որ՝ «իշխանությանը իրականում վարկաբեկում են ոչ թե դղյակների լուսանկարներ հրապարակողները, այլ, առաջին հերթին, իրենք՝ դղյակների տերերը»:

Հոգեբան Պարգեւ Հակոբյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում շեշտում է. «Պետություների կործանման պատճառներից մեկը անբարոյականությունն է, իրավաբանորեն ասած՝ անօրինականությունը: Ինչը մեզ մոտ, ցավոք, այսօր ոչ թե սովորական, այլ նույնիսկ հպարտանալու բան է դարձել»:

«Պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ դիմել է Երեւանին՝ հայ-իրանական սահմանային հատվածը առավել թափանցիկ դարձնելու, այցագրային կարգը դյուրացնելու, ընդհուպ՝ այցագրերը վերացնելու առաջարկով... Թեհրանի առաջարկը չի բխում Հայաստանի տնտեսական, առավել եւս՝ անվտանգության շահերից», - անդրադարձել է այսօր «Ազգ»-ի մեկնաբանը:

«Հայ-իրանական սահմանը հատող յուրաքանչյուր հինգ ավտոմեքենայից չորսը իրանական կողմից է, գրեթե նույն հարաբերակցությունն է զբոսաշրջիկների, առեւտրով զբաղվող անձանց առումով: Սահմանը հատող յուրաքանչյուր ավտոմեքենայի դիմաց ուղղակիորեն Հայաստանի բյուջե է մտնում 200 ԱՄՆ դոլար, այցագրի արժեքը 50 դոլար է», - հաշվեկշիռ է ներկայացնում մեկնաբանը: - «Նույնիսկ հայ-իրանական տնտեսական հարաբերակցությունը հավասարեցնելու դեպքում Հայաստանի շահերից չի բխում այցագրային կարգի վերացումը, քանի որ կան անվտանգության խնդիրներ, որոնց լուծումը այսօրվա Հայաստանի ուժերից վեր է: Խոսքը թմրանյութերի մաքսանենգության մասին է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG