Մատչելիության հղումներ




Նախագահ Ջորջ Բուշը իր 2003 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում Կոնգրեսից 70 միլիոն դոլար է խնդրել Հայաստանի տնտեսական օժանդակության համար: Բուշը, փաստորեն, իր 2003 թվականի բյուջեում անցյալ 2002 թվականի համեմատությամբ 20 միլիոն դոլլարով կրճատել է Հայաստանին հատկացվելիք օժանդակությունը:

Նախագահ Բուշի 2003 թվականի արտաքին օժանդակության բյուջեում նաեւ նոր հոդված է ավելացել Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Այն կոչվում է «Արտաքին ռազմական ֆինանսավորում եւ միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում»: Երկու հանրապետությունների դեպքում էլ այն կազմում է շուրջ 3 միլիոն:

2002 թվականին ԱՄՆ-ը Հայաստանին 94 միլիոն դոլար է հատկացրել: Արդյո՞ք օժանդակության կրճատումը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի փոխհարաբերություններում անբարենպաստ շրջադարձի ազդանշան կարելի է համարել:

Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը դեռեւս մի քանի տասնյակ միլիոնով պակաս է Հայաստանին հատկացվելիք գումարից: Բայց Բաքվին հատկացվող օժանդակությունը տարեցտարի աճում է: 2003 տարվա բյուջեում Ադրբեջանի համար նախատեսված օժանդակությունը կազմում է 46 միլիոն, ինչը շուրջ 3 միլիոնով գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:

Ամերիկահայ լոբբիական կազմակերպությունները արդեն իսկ անհանգստություն են հայտնել այս առթիվ: Ամերիկայի հայկական համագումարը իր երեկվա հայտարարության մեջ, մտահոգություն է հայտնել, որ Բուշի հարավկովկասյան բյուջեն կարող է սխալ ազդանշաններ ուղարկել տարածաշրջան, ապակայունացնել այն:

Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի ղեկավար Արփի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որոշումը դեռ վերջնական չէ:

Անդրադառնալով առաջին անգամ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն, Արփի Վարդանյանը ասաց, որ դրանով «կարեւոր փուլ է» սկսվում Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում:

Ջորջ Բուշի արտաքին օժանդակության բյուջեից խիստ դժգոհ է նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի խոսնակ էլիզաբեթ Չուլջյանը, փաստելով, որ շարունակվում է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, մտահոգություն հայտնեց Հայաստանին հատկացվելիք գումարի կրճատման կապակցությամբ, ավելացնելով, սակայն, որ ԱՄՆ նախագահի առաջարկած թվերը միշտ ավելի ցածր են եղել, քան այն վերջնական գումարները, որ ի վերջո հատկացվել են: Եվ դա միշտ կատարվել է ամերիկահայ գաղութի եւ հայամետ կոնգրեսականների ջանքերով:

«Հիշենք, որ անցյալ տարի եւս նախագահ Բուշը Հայաստանի համար խնդրել էր 70 միլիոն... վերջնական թիվը, սակայն, նույնն էր, ինչ նախկին տարիներին», - ասաց Էլիզաբեթ Շուլջյանը:

Արձանագրենք նաեւ, որ ռազմական ծախսերի աննախադեպ ավելացման պայմաններում, ԱՄՆ-ի նախագահը բավական մեծ կրճատումներ է կատարել բյուջեի մյուս հոդվածներում:

Ջորջ Բուշի բյուջեի առաջարկը դեռեւս պետք է հաստատվի ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում: Եվ ամերիկահայ կազմակերպությունները որոշակի վստահությամբ կանխատեսում են, որ Հայաստանի բարեկամ ամերիկյան կոնգրեսականների եւ սենատորների աջակցությամբ հնարավոր կլինի վերականգնել առնվազն անցյալ տարվա օժանդակության մակարդակը, այսինքն՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունը հասցնել 94 միլիոնի:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG