Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է ներդրումների համար հրապուրիչ դարձնել հանքարդյունաբերության ոլորտը


Արդեն մշակվել ու քննարկումների փուլում է «Կոնցեսիայի մասին» օրենքի նախագիծը, որով կկանոնակարգվեն պետության եւ ներդրողների հարաբերությունները ընդերքի օգտագործման հարցում։ Դա հնարավորություն կտա մասնավորեցնել պետական լեռնամետալուրգիական ձեռնարկությունները Հայաստանում:

Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հանքարդյունաբերության եւ շինանյութերի արդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանի խոսքերով, ցանկացած ներդրող, գործարքը կնքելուց զատ, բնականաբար, ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ այն հանքը, որի հումքով աշխատեցնում է գործարանը կշարունակի անխափան մատակարարել խտանյութը:

«Ուզում ենք հասնել նրան, որ ոչ մի անսովոր բան ներդրողի համար Հայաստանում չլինի», - ասաց Աշուղյանը: - «Որպեսզի Հայաստանում նա աշխատի նույն կերպ, ինչպես աշխատում է Չիլիում, Պերուում: Քանի որ դա մեծ փող է»:

Իսկապես, լեռնամետալուրգիան մեծ ներդումներ է պահանջում՝ մանավանդ մեր տարածաշրջանում։ Որոշ գնահատումներով, միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային համալիրը միջազգային ստանդարտներով լրիվ հզորությամբ շահագործելու համար անհրաժեշտ են առնվազն 400 միլիոն դոլարի ներդրումներ։

Այդուհանդերձ, հետաքրքրություն կա: Ըստ Արթուր Աշուղյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ ընդգծված հետաքրքրություն ունեն ռուսաստանյան երկու լեռնամետալուրգիական հսկաները՝ «Նորիլսկի Նիկել»-ը եւ «Սիբիրյան Ալյումին»-ը:

Ներդումների մեկ այլ օրինակ է ռումինական «Մետալ-Փրինս» ընկերության կողմից Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի շահագործումը: Ըստ Արթուր Աշուղյանի, անցյալ տարվա ընթացքում մոտ մեկ միլիոն դոլար է ներդրվել վարձակալված ձեռնարկություն մեջ, ու այն դարձել է գործունակ արտադրություն: Իսկ լրիվ թափով ֆաբրիկան կսկսի գործել 4-5 ամիս անց, երբ այն կմասնավորեցվի, ըստ երույթին, ուղղակի վաճառքի ձեւով։

Անդրադառնալով ոլորտի ներկա վիճակին, Աշուղյանը ասաց, որ անցյալ տարին լեռնամետալուրգիայի համար բացառիկ ծանր էր՝ կապված միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանումների հետ:

Անցյալ տարվա կեսերից միջազգային շուկաներում պղնձի եւ մոլիբդենի գները կտրուկ ընկան, ինչի հետեւանքով լեռնահանքային կոմբինատները դարձան ոչ շահութաբեր: Սակայն, ինչպես վարչության պետն է ասում, այդ պայմաններում էլ արտահանումը չնվազեց, ու տարին եզրափակվեց ճյուղի արտադրանքի արտահանման 20 միլիոն դոլարի աճով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG