Մատչելիության հղումներ

logo-print

Արդարադատության նախարարը պնդում է, որ «ԱրմենՏել»-ի հետ բանակցությունները հաջող էին


Կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող պատգամավորական ժամանակավոր հանձնաժողովի այսօր հրավիրված նիստին, որի հիմնական մասը փակ էր լրագրողների համար, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից հանձնաժողովականները սպասում էին «ԱրմենՏել»-ի հետ կառավարության վերջին բանակցությունների մանրամասներ լսել:

Դավիթ Հարությունյանը լրագրողների ներկայությամբ չհամաձայնեց Վազգեն Մանուկյանի այն դիտարկմանը, թե րոպեավճարի հարցում ձեռք բերվածը նախատեսվածի համեմատ այնքան է, որ կարելի էր եւ առանց բանակցությունների պայմանավորվել: Նախարարը նկատել տվեց, թե անգամ բանակցությունների վերջին փուլում շատ հեռու էին այն արդյունքից, որն ի վերջո ձեռք բերվեց:

Պատգամավոր Արշակ Սադոյանը երեկոյան արդեն պահանջվող 44֊ից 30 պատգամավորի ստորագրություն էր հավաքել՝ վաղը արտահերթ նիստ հրավիրելու եւ «Հեռահաղորդակցության մասին» օրենքում փոփոխություն մտցնելով րոպեավճարը կասեցնելու նախաձեռնությամբ:

Անդրադառնալով սրան, նախարարը լրագրողներին ասաց. - «Օրենքի մակարդակով կարող է ընդունվել որոշում, որը կկասեցնի րոպեավճարի կիրառումը: Դա հնարավոր է անել: Այլ խնդիր է, թե օրենքի նման կարգավորման դեպքում ով պետք է հատուցի տնտեսավարող սուբյեկտի վնասները, որին րոպեավճարի կիրառումը երաշխավորված էր ինչ-ինչ բանաձեւով»:Նախարարն ավելացրեց, որ տվյալ պարագայում, եթե Հայաստանի օրենսդիր մարմինը արգելի րոպեավճարի կիրառումը, վնասները պետք է հատուցի Հայաստանի Հանրապետությունը:

Իսկ եթե պաշտոնապես հաստատվի, որ «ԱրմենՏել»-ը, ավելի ճիշտ՝ ՕՏԵ֊ն, իր ներդրումային պարտավորությունները չի կատարել, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, դա ուղղակիորեն դեր չի կարող ունենալ մենաշնորհից զրկելու հարցում:

«Քանի որ ներդրումներն ու մենաշնորհը տարբեր իրավական ակտերով են կարգավորված եւ տարբեր իրավական սուբյեկտների հետ, ուղղակիորեն՝ ոչ», - ասաց նախարարը: - «Բայց եթե հարցականի տակ դրվի մենաշնորհի հարցը, ապա կարող են օգտագործվել տարբեր փաստարկներ, եւ փաստակներից մեկը կլինի նաեւ ներդրումը»:

Դավիթ Հարությունյանը խուսափեց այս պահին միանշանակ պատասխան տալ, կատարվե՞լ են արդյոք ներդրումային պարտավորությունները:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG