Մատչելիության հղումներ

Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանում գրանցվել են ցնցումներ





Փետրվարի 3-ի առավոտյան Թուրքիայի արեւմուտքում՝ Աֆիոնի տարածքում Ռիխտերի սանդղակով 6 բալանոց երկրաշարժ է գրանցվել, որից զոհվել է 45 եւ վիրավորվել 350 մարդ: Հայաստանի սեյսմիկ ծառայության մասնագետների կարծիքով, այսօր վաղ առավոտյան Հայաստանում գրանցված երկրաշարժը թուրքական երկրաշարժի հետեւանքն է:

Ստամբուլի «Մարմարա» հայալեզու թերթի խմբագիր Ռոբեր Հաթթեճյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով հայտնեց, որ երեկ առավոտյան սկսված ցնցումները տարբեր ուժգնությամբ շարունակավել են շուրջ 24 ժամ: Մի քանի գյուղերում ու փոքր քաղաքներում շենքեր քանդվել են:

«Գիտնականները վստահեցնում են, որ այս երկրաշարժը Ստամբուլի եւ մերձակա Մարմարայի երկրաշարժական ճեղքերի հետ որեւէ կապ չունի: Ստամբուլին եւ Ստամբուլի մերձակա քաղաքներին ներկայումս վտանգ չի սպառնում», - ասաց Ռոբեր Հաթթեճյանը, ավելացնելով, որ նոր ցնցումները չեն բացառվում, սակայն դրանց ուժգնությունը այլեւս 6 բալից ավելի չի լինի:

Քանի որ տարածաշրջանը ամբողջությամբ սեյսմիկ եւ լարված գոտի է համարվում, ենթադրվում էր, որ Հայաստանում էլ ցնցումներ կլինեն: Հանրապետության հյուսիսային շրջանում այսօր վաղ առավոտյան ժամը 5.53 րոպեին ցնցումներ գրանցվել են:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի գլխավոր սեյսմոլոգ Հեղինե Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ երկրաշարժի էպիկենտրոնը Աշոցքն է, եւ՝ «ինտենսիվությունը էպիկենտրոնում հասնում է 6 բալի՝ ըստ 12 բալանոց սանդղակի»:

Ցնցումները զգացվել են Ստեփանավանում, Նալբանդում՝ մոտ 5 բալ, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում՝ մոտ 4 , Երեւանում, Ախալքալակում՝ մոտ 3 բալ: Հեղինե Սարգսյանի խոսքերով, մեր ամբողջ տարածաշրջանը գտնվում է լարվածային գոտում եւ այս փոքր ցնցումները կարող են լինել Թուրքիայի երկրաշարժի ազդեցությունը:

Հայաստանի տարածքում այսօր տեղի ունեցած ցնցումները փաստորեն 1988-ի երկրաշարժի օջախային գոտում են եղել: Հեղինե Սարգսյանի վկայությամբ նման ցնցումներ գրանցվել են 1996-ին եւ 1999-ին:

Ծառայության մասնագետների երկու խումբ երկրաֆիզիկական դաշտերի փոփոխությունները ուսումնասիրելու նպատակով մեկնել է էպիկենտրոն: Տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարաված: Սեյսմիկ ծառայության հյուսիսային բաժանմունքում, համենյանդեպս Հեղինե Սարգսյանի հավաստմամբ, մեր հեռախոսազրույցի պահին վնասների կամ զոհերի մասին որեւէ տեղեկություն դեռ չկար:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մամուլի քարտուղար Արմեն Մանվելյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այսօրվա երկրաշարժը անակնկալ չէր, սպասվում էր եւ ընդհանրապես հանրապետությունում գրեթե ամեն օր թույլ ցնցումներ լինում են: «Այդպիսով լարված գոտին լիցքաթափվում է, ինչն իրենից որեւէ վտանգ չի ներկայացնում», - ասաց պարոն Մանվելյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG