Մատչելիության հղումներ

Հայկական դրամը ամենակայուն արժույթն է ԱՊՀ տարածքում


Հայկական դրամի փոխարժեքը շարունակում է նախանձելի կայուն վարքագիծ դրսեւորել: Անցյալ տարվա ընթացքում, ըստ ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների, հայկական դրամը ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամենը 1,7 տոկոսով։ Դրամը, փաստորեն, ամենակայուն արժույթն է ԱՊՀ տարածքում։

ԱՊՀ երկրներից ամենամեծ արժեզրկում գրանցվել է Ուզբեկստանում։ Այս երկրի արժույթը՝ սոմը ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է 210 տոկոսով։ Ազգային արժույթի մեծ արժեզրկում է արձանագրվել նաեւ Բելառուսում։ Բելառուսական «զայչիկը», դոլարի նկատմամբ «ընկել է» շուրջ 34 տոկոսով, իսկ ռուսական ռուբլին՝ 7 տոկոսով։

Միեւնույն ժամանակ, 2001 թ. ԱՊՀ երկրների մեծ մասում գրանցված սղաճը նկարագրվում է երկնիշ թվերով։ Բելառուսում գների ընդհանուր մակարդակն աճել է 63 տոկոսով, Ռուսաստանում՝ 18, Ուկրաինայում 12.5, Մոլդովայում՝ 10, միջինասիական հանրապետություներում՝ 7-10 տոկոսով: Ամենացածր սղաճ գրանցվել է Անդրկովկասի երկրներում. Վրաստանում գներն աճել են 4,8 տոկոսով, Հայաստանում 3,1, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 1,6 տոկոսով։

Եվրամիության «Տասիս» ծրագրի ազգային փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանի դիտարկումներով, ԱՊՀ երկրներում հաճախ սղաճի բարձր մակարդակը ուղեկցվում է նաեւ բարձր տնտեսական աճով, ինչի հետեւանքով աճում են մարդկանց եկամուտները, բարձրանում է կենսամակարդակը։ Սակայն, այդ կապերին, ըստ փորձագետի, պետք է որոշ վերապահումով մոտենալ:

Հայաստանի տնտեսության մեջ գրանցված ցածր սղաճը նույնպես կարող բարձր տնտեսական աճ ենթադրել: Սակայն այստեղ վիճակը քիչ այլ է:

«Եթե մեզ մոտ սղաճի մակարդակը բարձր չէ, դա մասամբ գալիս է նաեւ այն բանից, որ աշխատավարձի մակարդակը բարձր չէ, եւ աշխատավարձի աճի տեմպերն են ցածր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մանասյանը:

Բացի դրանից, ըստ փորձագետի, գների ազատականացումը, մասնավորապես, սոցիալական ծառայությունների գծով, մեզ մոտ տեղի ունեցավ շատ արագ եւ գները միանգամից բարձրացան, այսինքն, «պարպվեց», այսպես կոչված, սղաճային «զսպանակը», իսկ ԱՊՀ մյուս երկրներում այդ գործընթացը տեղի է ունենում փուլ առա փուլ:

Այնուամենայնիվ, տիկին Մանասյանի համոզմամբ, մեզանում գների ավելի արագ աճի պոտենցիալը դեռեւս չի սպառվել. այնքան ժամանակ, քանի դեռ, մեր ներքին շուկայի մի շարք ապրանքների ու ծառայությունների գները չեն մոտեցել միջազգային գների մակարդակին, բարձր սղաճի հնարավորությունը պահպանվելու է:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG