Մատչելիության հղումներ

logo-print

Օսկանյանը Թուրքիայի հետ ուղղակի երկխոսության հնարավորություն է տեսնում





«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում անդրադառնալով Նյու Յորքում կայացած իր հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Չեմի հետ, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը «օգտակար» որակեց այն:

«Հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակել տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ, ինչպես նաեւ հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների շուրջ, այսօրվա իրավիճակի եւ հնարավոր զարգացումների շուրջ», - ասաց Վարդան Օսկանյանը, հույս հայտնելով, որ մոտ ապագայում հանդիպումը շարունակություն կունենա: - «Տրամադրվածություն կա երկու կողմից, որպեսզի ուղղակի երկխոսության միջոցով փորձենք մեր հարցերին անդրադառնալ»:

Վարդան Օսկանյանը խուսափեց ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որ կապված էր ցեղասպանության միջազգային ճանաչման աճի հետ, այլեւս անցյալ է, եւ երկու երկրները փորձում են աստիճանաբար բարելավել հարաբերությունները:

«Դեռեւս մեր հարաբերություններում ունենք բազմաթիվ խնդիրներ: Դեռեւս դրական տեղաշարժեր չկան... Ուղղակի պետք է հետեւողական լինել, շարունակել խոսել, եւ տեսնել՝ եթե կան ինչ-որ ընդհանուր եզրեր, ընդհանուր շահեր՝ հարաբերություններում լուրջ տեղաշարժ արձանագրելու առումով», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Նյու Յորքում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում փետրվարի 1-ին Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել «Հեռանկարները Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար» խորագրով քննարկմանը, որին մասնակցել են նաեւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, Մոնղոլիայի վարչապետ Նամբար Էնխբայարը, Թուրքիայի Ա նախարար Իսմայիլ Չեմը, Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Աբդուլա Աբդուլան եւ Իրանի փոխարտգործնախարար Ադելին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում Ադրբեջանի նախագահը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը եւ փորձել է կրկին հարցը դնել ահաբեկչության կոնտեքստի մեջ:

«Պատասխան ելույթում ես անդրադարձա, որ դա բացասական դրսեւորումներ է տալիս մեր տարածաշրջանում», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Իմ հիմնական մոտեցումն այն էր, որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները եւ դրա շուրջ ստեղծված համաշխարհային կոալիցիան պետք է նպաստի տարբեր տարածաշրջաններում համագործակցությանը եւ կայունության հաստատմանը, եւ ոչ թե այդ թեմայի շահարկմանը եւ լրացուցիչ լարվածության ստեղծմանը»:

Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նաեւ, որ այսօր ծրագրված է իր հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG