Մատչելիության հղումներ

Հեյդար Ալիեւի լիազորությունները կարող են երկարաձգվել երկու տարով


Ադրբեջանի խորհրդարանի երեկ սկսված գարնանային նստաշրջանում «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էլդար Իբրահիմովը անսպասելի առաջարկ արեց՝ հաշվի առնելով հարեւան պետությունների փորձը (նկատի ունենալով Ուզբեկստանը) եւ հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության 152-րդ հոդվածի վրա, նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարաձգել մինչեւ 7 տարի:

Ուզբեկստանում այսօր ամփոփվել են անցած կիրակի կայացած հանրաքվեի արդյունքները՝ ընտրողների 92 տոկոսը քվեարկել է նախագահի յոթնամյա պաշտոնավարության օգտին:

Ադրբեջանցի պատգամավորը, կանխելով հնարավոր համեմատությունները Միջին Ասիայի բռնատիրական ռեժիմների հետ, փաստարկեց, որ Ֆրանսիայում էլ այս տարի նախագահ են ընտրելու 7 տարով:

Նույն իշխող կուսակցությունը ներկայացնող խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը հավանություն տվեց առաջարկին, ասելով, որ այն պետք է ներկայացվի որպես օրենսդրական նախաձեռնություն, ինչից հետո էլ կարող է դրվել հանրաքվեի:

Դիտորդների կարծիքով, առաջարկի հաստատումը խորհրդարանում դժվարություն չի ներկայացնի. Ալիեւի «Ենի Ադրբեջան»-ը զբաղեցնում է 125 պատգամավորական աթոռներից 7Օ-ը եւ աջակցություն կգտնի երկու երրորդն ապահովելու համար:

Որոշ դիտորդների կարծիքով, Ադրբեջանում իշխող կուսակցությունը առանց Հեյդար Ալիեւի հետ նախապես համաձայնեցնելու ոչինչ չի անում, եւ սա հենց նախագահի նախաձեռնությունն է՝ որեւէ լրացուցիչ ջանք չթափելով իշխանությունը պահպանել եւս երկու տարի:

Այս տարվա մայիսին Ադրբեջանի նախագահը 79 տարեկան է դառնում, բայց առնվազն երկու տարվա անավարտ գործեր ունի՝ Ղարաբաղի հարցը, Բաքու-Ջեյհան նավթատարը, Իրանի հետ առայժմ չկարգավորված հարաբերությունները եւ վերջապես հետնորդի պատշաճ նախապատրաստումը. այս պահին որդին՝ Իլհամը, ակնհայտորեն, այսպես ասենք, հասունացած չէ:

Մեկնաբանների մեկ այլ խմբի կարծիքով, Հեյդար Ալիեւը, որն ի դեպ մինչեւ այժմ որեւէ կերպ չի արձագանքել իր կուսակիցների նախաձեռնությանը, կարող է վերադառնալ Ամերիկայից եւ շնորհակալություն հայտնելով ասել, թե վստահ է, որ առանց սահմանադրական փոփոխությունների էլ հաղթելու է 2003 թվականի նախագահական ընտրություններում:


Հայաստանի նման Ադրբեջանում էլ ընտրությունները կայանալու են հաջորդ տարի, եւ Ռոբերտ Քոչարյանի օրինակով Ալիեւը նույնպես անցած տարի հայտարարել է, որ մասնակցելու է այդ ընտրություններին:

Ադրբեջանի ընդդիմությունը արդեն խիստ դեմ է արտահայտվել յոթնամյա ժամկետի առաջարկությանը: Ընդդիմադիրները համոզված են, որ Ադրբեջանը Ղազախստան եւ Ուզբեկստան չէ, այլ Եվրոպայի խորհրդի անդամ, ուստի քաղաքակիրթ աշխարհը կարող է վատ ընկալել այս նախաձեռնությունը: Նրանք նաեւ պնդում են, որ Ալիեւը փորձում է նախագահությունը երկարաձգել, քանզի բոլորովին վստահ չէ, որ հաջորդ տարի կվերընտրվի կամ էլ նախագահական աթոռին կնստեցնի որդուն:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ուզբեկստանի փորձը, կարելի է կանխատեսել, որ եթե իրոք նախագահությունը Ադրբեջանում երկարաձգվի, միջազգային հանրությունը մեծ աղմուկ չի բարձրացնի:

Ալիեւի իշխանության սահմանադրական երկարաձգումը շատ առումներով կարող է նույնիսկ ողջունելի լինել: Հայաստանցիներն ու ղարաբաղցիները, ըստ վերլուծաբանների, դժվար թե առարկեն դրա դեմ, քանի որ Ալիեւը հիմա Ադրբեջանում, փաստորեն, գրեթե միակ մարդն է, որ բացահայտ կերպով չի խոսում պատերազմի մասին: Միշտ մնում է այն մտավախությունը, որ 2003 թվականին կարող է հաղթել մեկը, ով հենց պատերազմական ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու կարգախոսով իշխանության եկած լինի եւ հետագայում էլ կփորձի կատարել նախընտրական խոստումը:

Ալիեւի իշխանության երկարաձգման կողմնակից են նաեւ արեւմտյան խոշոր տերությունները ներկայացնող նավթային ու գազային ընկերությունները, որոնց համար ալիեւյան երկամյա կայունությունը խիստ անհրաժեշտ է բոլոր տեսակի խողովակաշարերի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Եվ վերջապես Ռուսաստանը, որ հենց նոր է բարելավել իր հարաբերությունները ալիեւյան Ադրբեջանի հետ, հազիվ թե դեմ լինի այդ գործչի պաշտոնավարության երկարաձգմանը:


Բոլոր դեպքերում, Հայաստանում եւ Ղարաբաղում հույսեր կան, որ եթե նույնիսկ Ալիեւը ինքն է նախաձեռնել սեփական լիազորությունների սահմանադրական երկարաձգումը, նա փորձելու է այդ ընթացքում ավարտին հասցնել գլխավոր գործը՝ խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի խնդիրը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG