Մատչելիության հղումներ

ԱԺ փոխխոսնակի կարծիքով, իրատեսական չէ ակնկալել, թե ներկա Ազգային ժողովը կհաղթահարի նախագահի հնարավոր վետոն


Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը այսօր կոչ արեց իրատեսական լինել եւ ընդունել, որ հանրաքվեի կդրվի սահմանադրական փոփոխությունների միայն նախագահական տարբերակը: Ասլանյանի կարծիքով, Հայաստանի քաղաքական կյանքում 2002 թվականի ընթացքում «արտառոց ոչինչ չի լինի»:

Գագիկ Ասլանյանը չբացառեց, որ Ազգային ժողովը առաջարկի հանրաքվեի ներկայացնել սահմանադրական փոփոխությունների երկու տարբերակներն էլ: Սակայն՝ «Հանրապետության նախագահը քանի որ ընգծված գտնում է, որ պետք է ներկայացնել միայն մեկ տարբերակը... նա կարող է վետո դնել Ազգային ժողովի նման որոշման դեմ»: Իսկ հավաքել ձայների երկու երրորդը այդ վետոն հաղթահարելու համար, ըստ ԱԺ փոխխոսնակի, այս Ազգային ժողովի դեպքում իրատեսական չէ:

Այսպես կոչված «կիսանախագահական» կառավարում նախատեսող նախագահ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների տարբերակին զուգահեռ Ազգային ժողովում շրջանառվում է նաեւ խորհրդարանում ներկայացված քաղաքական 6 ուժերի կողմից առաջադրված խորհրդարանական կառավարում նախատեսող Սահմանադրության նախագիծ:

Ազգային ժողովի՝ Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովը անցած ամիս բացասական կարծիք է տվել վերջինիս: Նախագիծը պաշտպանող քաղաքական ուժերը, սակայն, հուսով են սահմանադրական շարժման միջոցով հասնել այն բանին, որ հանրաքվեի դրվեն երկու տարբերակներն էլ:

Կանխատեսելով քաղաքական զարգացումները 2002 թվականին, Գագիկ Ասլանյանը ասաց. - «Կարծում եմ, արտառոց ոչինչ չի լինի: 2001 թվականի ընթացքում կարողացանք որոշակի կայունություն ապահովել քաղաքական կյանքում եւ կան ռեալ հիմքերը այդ կայուն վիճակը ամրապնդելու եւ շարունակելու համար»:

Ասլանյանի կարծիքով, աշնանը քաղաքական կրքերը թույլատրելիության սահմանում կբորբոքվեն, հետո առանց ցնցումների քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց դիրքորոշումները: Մի խոսքով, Ազգային ժողովի փոխխոսնակը թեժ աշուն չի ակնկալում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG