Մատչելիության հղումներ




Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պնդում է, որ որեւէ պաշտոնական նախազգուշացում ռուսաստանյան «Իտեռա» ընկերությունից ինքը չի ստացել, եւ շրջանառվող լուրերը ինչ-որ խիստ նամակների մասին ապատեղեկատվություն են:

«Գազի մատակարարման մասով ոչ մի սանկցիա կիրառված չէ: Անհրաժեշտ գազի ծավալն, այսօրվա կտրվածքով, մատակարարվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: - «Օրական ստանում ենք մինչեւ 5.2 մլն խորանարդ մետր գազ: Այսինքն այն քանակը, որը մենք պահանջել ենք»:

Նախարարը շեշտեց, որ պաշտոնապես «Իտեռա»-յից որեւէ նախազգուշացում, թե գազի մատակարարումը կարող է դադարեցվել կամ կարող է կրճատվել մատակարարումների ծավալը, ինքը չի ստացել, եւ անհանգստության հարկ չկա, հավաստիացնելով, որ «լուրերը խիստ նամակների մասին» ապատեղեկատվություն են :

Ըստ հավաստի աղբյուրների, սակայն, Հայաստանի գազամատակարար «Իտեռա» ընկերությունը «Հազռուսգազարդ»-ին, այնուամենայնիվ, նախազգուշական այդ նամակը ուղարկել էր, եւ հատկապես դա է պատճառը, որ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը գործուղվել է Մոսկվա՝ բանակցությունների:

Իսկ «Իտեռա»-յի բանավոր նախազգուշացումները կապված են անցած տարիներին կուտակված պարտքի մարման հետ, որը, նախարարի խոսքերով, կազմում է շուրջ 8.7 մլն դոլար: «Հունվար ամսին մենք վճարել ենք 3 մլն 800 հազար դոլար, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ծախսել ենք: Եվ «Իտեռա»-յի այդ հաղորդագրությունը, եթե իրոք այն «Իտեռա»-ն է տվել, իրականությանը չի համապատասխանում»:

«Իտեռա»-յի ներկայացուցիչը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հունվարի 29-ին ասել էր, թե Հայաստանի կառավարության կողմից անցած տարվա 6 մլն դոլար պարտքը վճարելու խոստումը չկատարելու եւ այս ամսվա ընթացքում կուտակված 3.85 մլն դոլար պարտքը չվճարելու համար փետրվարի 1-ից Հայաստան առաքվող գազի օրական 5.2 մլն խորանարդ մետր ծավալը կարող է կրճատվել երկու երրորդով:

Նախարարի խոսքերով, նոր պարտքեր չեն կուտակվել, իսկ հները փակելու բազմաթիվ ձեւեր կան, որոնցից նախընտրելի տարբերակը կորոշվի բանակցությունների միջոցով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG