Մատչելիության հղումներ

Նորանշանակ նախարարներն անցան իրենց պարտականությունների կատարմանը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուրբաթ օրը գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Դավիթ Զադոյանին՝ նրան փաստորեն վերադարձնելով այն շենքը, որտեղ տարիներ առաջ Զադոյանը ղեկավարում էր պարենի եւ մթերումների նախարարությունը:

Վարչապետի գլխավորած Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Երկրապահ կամավորների միության անդամ Դավիթ Զադոյանը եղել է Արարատի մարզպետ, Ազգային Ժողովի պատգամավոր: Մասնագիտությամբ ռադիոէլեկտրոնիկայի ինժեներ է: Վարչապետը նախարարի փոփոխությունը բացատրել է նախարարության առջեւ դրված «նոր խնդիրներով»:

Արդեն նախկին նախարար Զավեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, թե ինքը Մոսկվա է տեղափոխվելու, ասելով՝ «աշխատելու եմ մեր պետությունում, մեր պետության համար», այնտեղ ուր «կցանկանա նախագահը»: Նախագահի լրատվական վարչությունում այս առիթով դեռեւս որեւէ տեղեկություն չունեն:

Տարածքային կառավարման եւ
արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանին այդ գերատեսչությանը ներկայացնելու կարիք վարչապետը չուներ: Արտադրական ենթակառուցվածքների նախարարի՝ արդեն լուծարված պաշտոնն էր այդպիսին. նախարար առանց նախարարության, եւ՝ գրեթե փոխվարչապետ:

Կադրային փոփոխություն է տեղի ունեցել նաեւ հանրապետության դիվանագիտական կորպուսում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Ժնեւի ՄԱԿ֊-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում:

36֊-ամյա Մնացականյանը մասնագիտությամբ միջազգայնագետ է, ունի արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Մինչ օրս այս պաշտոնն զբաղեցրած Կարեն Նազարյանն աշխատանքի կվերադառնա Հայաստանի արտգործնախարարություն:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG