Մատչելիության հղումներ

Շեւարդնաձեն նշանակում է Սամցխե-Ջավախեթիայի նոր ղեկավար


Վրաստանի նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի հրամանագրով Սամցխե-Ջավախեթիայի նահանգապետ է նշանակվել Թեմուր Մոսիաշվիլին: Ըստ «Կովկաս Պրես» գործակալության, նախկին ղեկավար Գիգլա Բարամիձեի հրաժարականի պատճառը այն էր, որ վերջինս պարբերաբար ծեծում էր ենթականերին:

«Այո, ցավոք սրտի, այդպես է, եւ ով ճանաչում է Բարամիձեին՝ չի զարմանում: Դա առաջին դեպքը չէ: 7 տարվա ընթացքում նման վերաբերմունքի է արժանացել ավելի քան 1Օ պաշտոնյա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի ակտիվ գործիչ Վան Բայբուրթյանը:

Բայբուրթյանի խոսքերով, երկրի նախագահը շատ ջերմ վերաբերմունք ուներ Բարամիձեի հանդեպ, ճանաչում էր նրա ընտանիքին: Միջադեպի մասին նախագահին զեկուցել է երկրի գլխավոր դատախազը: Դրանից հետո Շեւարդնաձեն զանգահարել է Բարամիձեին, եւ բավական տհաճ հեռախոսազրույցից հետո Սամցխե-Ջավախեթիայի նահանգապետը հրաժարական է ներկայացրել:

Ջավախքի հայությունը ցանկանում էր, որ նախագահը նահանգապետ նշանակի Վլադիմիր Ալելիշվիլուն:Բայբուրթյանի խոսքերով, վերջինս՝ գեներալ Գուրգեն Դալիբալթայանի ազգականն է, լավ գիտի հայերեն, գիտի Ջավախքի հիմնախնդիրները: Շեւարդնաձեն, սակայն, ընտրեց Մոսիաշվիլուն:

Այդուհանդերձ, Վան Բայբուրթյանը համոզված է, որ նոր նահանգապետը պատրաստ է համագործակցել Ջավախքի հայության հետ:

52-ամյա Թեմուր Մոսիաշվիլին բնիկ թբիլիսցի է, ապրում է Վրաստանի մայրաքաղաքի հայաշատ թաղամասերից մեկում՝ Սոլոլակիում, ունի հայ բարեկամներ: Ընդհանրապես, բավական ջերմ վերաբերմունք ունի հայերի հանդեպ: Մոսիաշվիլին ժամանակին աշխատել է Սամցխե-Ջավախեթիայում, լավ գիտի այդ շրջանը: Տեղի հայությունն էլ նրա աշխատանքից գոհ էր:

Նոր նահանգապետը արդեն Ջավախքում է, հանդիպել է հայ պաշտոնյաներին եւ բավական լավ տպավորություն է թողել: Ախալքալակի շրջանային վարչության պետ Արտյուշա Համբարձումյանը Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հույս հայտնեց, որ նորանշանակ նահանգապետն ամեն ինչ կանի՝ Ջավախքի հայերի հետ համագործակցելու եւ շրջանի հիմնախնդիրները լուծելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG