Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Զավեն Գեւորգյանի պաշտոնանկությունը հասարակության համար անակնկալ չէր», - նշում է այսօր «Երկիր»-ը: - «Այն, որ գյուղնախարարի աշխատանքը բավարար չէր, եւ առաջացել էին բազմաթիվ խնդիրներ, միանշանակ է»:

«Բայց միաժամանակ առաջ է գալիս մի շատ կարեւոր հարցական, որը նոր չէ եւ ամեն նման առիթով կախվում է օդում. հերթական անգամ կայացվում է կադրային որոշում, հերթական կառուցվածքային փոփոխությունն է տեղի ունենում կառավարությունում՝ առանց որեւէ տարրական պարզաբանման: Այս էլ որերորդ անգամ նախարարին պաշտոնից ազատելուց հետո միայն համապատասխան պետական այրերը պետք է խոսեն եղած թերացումների, բացթողումների մասին... Ու երբեք չի ասվելու, որ այդ ամենը մեկ օրում չի եղել եւ հանդուրժվել է ինչ-ինչ հաշիվներից ելնելով: Ի վերջո, կա պատասխանատու եւ պատասխանատվության հարց, որի բացակայությունը մեր երկիրը, կառավարման համակարգը շարունակելու է պահել նման քարանձավային պայմաններում», - եզրափակել է «Երկիր»-ը:

«Գյուղնախարարի գործունեությունը թե՛ կառավարության եւ թե՛ նախագահի կողմից գնահատվել են բավարար, եւ անհասկանալի է նրա հեռացումը այսօր», - անհասկանալիության մյուս ծայրից «Հայկական ժամանակ»-ի թղթակցին է ասել Ազգային ժողովի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, փոխարենը կոշտ արտահայտություններ ուղղելով կապի եւ տրանսպորտի նախարարին: «ԱրմենՏելի» հարցում Անդրանիկ Մանուկյանի գործողությունները նա որակել է «անլուրջ». «Մինչեւ այդ հեռուստաշոուն, մինչեւ օդի մեջ սուր ճոճելը, նախարարը ճիշտ կաներ հաշվարկել դրա հետեւանքները: Կառավարության անդամի նման պահվածքը վարկաբեկում է թե՛ կառավարությանը, թե՛ պետականությանը»:

«Ազգ» թերթում էլ այսօր ընդգծված է. «Կառավարության ներսում «ԱրմենՏելի» հարցի վերաբերյալ հակասությունը խորացել է, առավել կոշտ դիրքորոշում ունեցող տրանսպորտի եւ կապի նախարարը շարունակում է անմասն մնալ մյուս հարցերի վերաբերյալ բանակցություններից»:

Ընդհանուր առմամբ բավական ահաբեկիչ իրավիճակ է ուրվագծում Հանրապետական կուսակցության «Ժամանակ» շաբաթաթերթի խմբագրականը. «Վերստին գլուխ են բարձրացնում փոքր ու մեծ կուսակցությունները, որոնց պահանջատիրական նկրտումները հայտնի են բոլորիս: Սկսվում է գաղափարախոսության վակուումը, եւ վերստին իրար են խառնվում հասարակական տարբեր զանգվածների ու շահերի կողմնակիցները, ինչից անպայման տուժում է հասարակ ժողովուրդը... Այս պայմաններում կրկին գլուխ են բարձրացնում սոցիալիստական ու սոցիալիստամետ ուժերը, իրենց պահանջներն են ներկայացնում տարբեր քաղաքական միավորումներ, որոնց մի մասը հետեւողականորեն ջլատում է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ դառնալով արեւմտամետ, մյուս մասը՝ ընդհակառակը... Այս կողմերը իրենց ընդհանուր մեկ պահանջն ունեն. ունենալ իշխանություն: Ժողովրդի ճակատագիրը կարծես թե բացարձակ արհամարհված ու անտեսված է...Եվ ահա այս պայմաններում Ռուսաստանը՝ որպես գերհզոր տերություն, երկակի խաղ է տալիս մեր եւ Ադբեջանի հետ՝ մի կողմից մեր, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ կնքելով ռազմական եւ տնտեսական պայմանագրեր: Պատմական այս ժամանակահատվածում անհրաժեշտ է կողմնորոշվել դեպի ո՞ւր գնալ հարցում», - հանգեցնում է «Ժամանակ»-ը: - «Բայց այստեղ մեր արտաքին քաղաքականությունը կարծես թե կաղում է: Մենք չենք կարողանում մեր կողմնորոշումներում լինել հաստատ, չենք կարողանում ընտրել այն օրիենտացիան, որով մենք պետք է առաջ գնանք»:

«Իրադարձությունների տրամաբանությունը այսօր մեզ մղում է այն եզրակացության», - ամփոփել է «Ժամանակ»-ի խմբագրականը, - որ տարբեր բեւեռների ձգտող քաղաքական միավորների բախումը կարող է վտանգել մեր պետության կայունությունը, եւ մեր երկիրը կարող է հայտնվել կրակի օղակում, որից դուրս գալը հետագայում մեծ զոհողություններ է պահանջելու»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մնում է իր համոզմունքին, որ «Հոկտեմբերի 27»-ի թիկունքին հզոր ուժեր են եղել երկրի ներսում, եւ «այսօրվա իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի բացահայտվի ոճրագործությունը»:

«Եթե ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ խրախուսվել ու կոչումներ են ստացել բոլոր նրանք, ովքեր կոչված էին կանխելու աղետը, բայց չարեցին», - ասում է Վաղարշակ Հարությունյանը «Իրավունք»-ի հարցազրույցում, բերելով եւ հետեւյալ հաշվարկները. - «Մինչեւ 1999-ը գերերալների կոչում են ստացել 26 մարդ, իսկ 1998-ից մինչեւ օրս՝ 36 հոգի... Հանրապետության նախագահը մեկ խնդիր է հետապնդում՝ մարդկանց իրենով անել... Իսկ նման մոտեցումը... քանդում է համակարգը»:

Լրանում է 1998-ի իշխանափոխության չորս տարին: Այս առիթով, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը մեջբերումներ է հրամցնում 1998-ի հունվարի 23-ի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի ասուլիսից՝ որպես վկայություն, որ ՀՀՇ-ն «այսօր իբրեւ ընդդիմություն առավել ուժգնորեն է լծվել այն պառակտիչ աշխատանքին, որը ձեռնարկել էր 1998-ից շատ առաջ: Այսօր սրանք հանդես են գալիս Վազգեն Սարգսյանի պաշտպանի դերում, այն դեպքում, երբ վերջինիս մատնանշած վտանգները սեփական գործողություններով առավել առարկայական են դարձրել», - նշում է մեկնաբանը:

«Առաջին հերթին ինձ մտահոգում է հետեւյալը: Տեղափոխելով հարցը սոցիալական, անձնական-բարոյական դաշտ, ըստ էության, սեպ է խրվում հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ: Արցախահայության եւ Հայաստանի հայության միջեւ», - ասում էր Վազգեն Սարգսյանը, այս առումով առանձնացնելով հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը: «Գոնե պաշտպանության նախարարությունում դուք չեք գտնի որեւէ մեկին, որը կարող է դույզ-ինչ կասկածել Սերժ Սարգսյանի ազնվության, հայրենասիրության, քաջության եւ կազմակերպչական ընդունակությունների վրա», - մեջբերված է «Հայոց Աշխարհ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG