Մատչելիության հղումներ

Վերսկսվեցին «Հայկական ավիաուղիներ»-ի թռիչքները դեպի Եվրոպա


Հունվարի 21-ին միջազգային չափանիշներին համապատասխանող միակ Ա-310 օդանավի շարժիչի խափանումից հետո «Հայկական ավիաուղիներ»-ը ռուսաստանյան «Ավիաէներգո» ընկերությունից վարձակալած ՏՈՒ-154Մ ինքնաթիռով այսօր իրականացրեց Երեւան-Փարիզ չվերթը: Ա-310-ի խափանված շարժիչի ճակատագիրը դեռեւս լուծված չէ:

«Հայկական ավիաուղիներ»-ի թռիչքների ապահովման եւ կազմակերպման կենտրոնի պետ Արամ Սաֆարյանի վկայությամբ, ՏՈՒ-154Մ ինքնաթիռն առայժմ վարձակալել են եվրոպական չվերթերն իրականացնելու համար: Սաֆարյանը ասաց նաեւ, որ ավիաընկերությունը կարող է եւս մեկ ինքնաթիռ վարձակալել Ռուսաստանից, մինչեւ ներկայումս ընթացող բանակցությունների արդյունքում որոշվի Ա-310-ի շարժիչի ճակատագիրը:

Այս ժամանակահատվածում ավիաընկերությունը շարունակում է Ա-310-ի վարձակալության համար համապատասխան գումարներ վճարել: Ինչ վերաբերում է շարժիչի նորոգմանը կամ նորի ձեռքբերմանը, ապա, Արամ Սաֆարյանի խոսքերով, շարժիչը պետք է վարձակալության վերցվի:

«Իրենցից նորը վերցնենք, որի համար վճարում ենք, հինը ուղարկենք, որպեսզի նորոգեն», - ասաց նա, ավելացնելով , որ խոսքը մեկ միլիոն դոլարի սահմաններում գումարի մասին է:

Իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հոնհաննես Երիցյանի խոսքերով, 1998 թվականին կնքված պայմանագրի համաձայն, այդ շարժիչը պիտի վերանորոգվի հայկական ավիացիայի հաշվին:

Հովհհանես Երիցյանը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ մտադրություն կա եւս մեկ Ա-310 մակնիշի օդանավ վարձակալել՝ մեզ համար ձեռնտու պայմաններով:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG