Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա բանակցություններով է պայմանավորված ԱՄՀ-ի վարկի հետաձգված մասաբաժինների հատկացումը


Փետրվարի 1-ին երկու շաբաթով Երեւան կժամանի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը՝ Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրի առաջին եւ երկրորդ ամփոփումները եզրափակելուն ուղղված ՀՀ կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով: Եթե կայանալիք բանակցությունների արդյունքները հաստատվեն ԱՄՀ ղեկավարության կողմից, իսկ դա կախված կլինի Հայաստանի կառավարության կողմից ֆիսկալ ոլորտում որոշակի միջոցառումներ իրականացնելուց, ապա ծրագիրը կներկայացվի ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը:

Հայաստանում ԱՄՀ պատվիրակությունը նախ տեղեկատվություն կհավաքի, իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում, ինչպես այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Կարպիս Իրադյանը, հեռուստակամուրջներ կանցկացնի Հիմնադրամի վաշինգտոնյան կենտրոնական գրասենյակի հետ: Դրանց հայկական կողմից կմասնակցեն ֆինանսների եւ էկոնոմիկայի, պետեկամուտների նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը:

Կարպիս Իրադյանը լրագրողներին ասաց, որ բանակցությունների հաջող ավարտի դեպքում Հայաստանին կհատկացվեն Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի ծրագրով նախատեսված 87 միլիոն դոլար վարկի երկրորդ եւ երրորդ մասաբաժինները՝ յուրաքանչյուրը 13 մլն դոլար: Այդ վարկի առաջին՝ նույնպես 13 միլիոն դոլար կազմող մասաբաժինը, հատկացվել էր 2001 թվականի մայիսին:

«Երկրորդը պետք է տրվեր անցյալ տարի սեպտեմբերին, բայց քանի որ հարկային եկամուտները տկար էին երրորդ եռամսյակում, համաձայնություն չեղավ», - ասաց Իրադյանը:

Ինչ վերաբերում է չորրորդ՝ 39 մլն դոլար մասաբաժնին, ապա այդ մասին քննարկումները կսկսվեն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:

ԱՄՀ-ն մի շարք պայմաններ է առաջադրել նշված վարկի երկրորդ եւ երրորդ մասաբաժինները տրամադրելու համար: Խնդիրն այն է, որ, ինչպես ասաց Կարպիս Իրադյանը՝ «մենք բոլորովին վստահ չենք, թե պետությունը կարողանալու է հավաքել 194 միլիարդ դրամ», եթե փոփոխության չենթարկվեն հարկային վարչարարության որոշակի դրույթներ: ԱՄՀ-ն առաջարկում է բոլոր ապրանքների ավելացված արժեքի հարկի գանձումը տեղափոխել սահման:

Հայաստանի պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը այս առաջարկը համարում է քննարկան հարց՝ պնդելով, թե ամենեւին էլ միարժեք չէ, որ սահմանին ավելացված արժեքի հարկն ավելի հաջող կհավաքագրվի: Կարպիս Իրադյանը, սակայն, այսօր ասաց, թե տարբեր երկրներում իրենց աշխատանքի բազմամյա փորձի ընթացքում նման միջոցի կիրառումից հետո եկամուտները միշտ ավելացել են:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG