Մատչելիության հղումներ

Երեւանը չի արձագանքում բնական գազի մատակարարումը կրճատելու վերաբերյալ Ռուսաստանի նախազգուշացումներին


Հայաստանի էներգետիկայի նախարարությունում այսօր հրաժարվեցին մեկնաբանել ռուսաստանյան «Իտեռա» ընկերության հայտարարությունը, որ փետրվարի 1-ից խիստ կրճատվելու է Հայաստան առաքվող գազի ծավալը՝ գազի դիմաց պարտքը չվճարելու պատճառով:

Էներգետիկայի նախարարության խոսնակը չճշտեց, թե Հայաստանի կառավարությունը ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստան առաքվող գազի ծավալը օրական 5.2 մլն խորանարդ մետրից 1.8 մլն խորանարդ մետրի կրճատելուց «Իտեռա» ընկերությանը հետ պահելու համար: Մեկնաբանություններից զերծ մնացին նաեւ «Հայռուսգազարդ» ընկերությունում:

Մինչդեռ ռուսաստանյան «Գազպրոմ»-ի արտահանման մասնաճյուղը հանդիսացող «Իտեռա» ընկերության խոսնակը հաստատեց, որ առաքվող գազի ծավալը փետրվարի 1-ից կրճատվելու է: Ընկերության ներկայացուցիչ Նիկոլայ Սեմենենկոն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հայկական կողմը, հակառակ տված խոստմանը, չի վճարել անցած տարվա 6 մլն դոլարի եւ ընթացիկ 3.85 մլն դոլարի պարտքը:

«Մեր որոշման մասին բանավոր կերպով տեղյակ էինք պահել «Հայռուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանին մի քանի օր առաջ», - ասաց Նիկոլայ Սեմենենկոն: - «Մենք նաեւ հեռագիր ենք ուղարկել Հայաստանի ղեկավարությանը»:

Սեմենենկոն ասաց նաեւ, որ հայկական կողմը առայժմ չի արձագանքել:

Հայաստանի էներգետիկայի նախարարությունում չհաստատեցին ու չհերքեցին հեռագրի ստացումը: Նախարարության լրատվական ծառայության ղեկավար Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց միայն, որ «Հայռուսգազարդ»-ի ղեկավարությունը ներկայումս բանակցում է «Իտեռա»-յի ղեկավարության հետ:


Շաքե Ավոյան, Երեւան եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG