Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայաստանում Իտալիայի դեսպան Անդրեա Տրաբալցան օրերս իր զարմանքն էր արտահայտել, որ «Առավոտ»-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների մասին հրապարակումներն անարձագանք են մնում: Ընդ որում, ոչ միայն շինությունների տերերը հարկ չեն համարում բացատրություններով հանդես գալ, այլեւս մեր հասարակությունը նրանց առաջ նման խնդիր չի դնում», - գրում է այսօր «Առավոտ»-ը, անդրադառնալով, որ հարգարժան դեսպանն է'լ ավելի կզարմանա՝ ծանոթանալով իշխանամետ լրատվամիջոցներից մեկի արձագանքին, ուր շեշտադրված է, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները նույնպես դղյակներ էին կառուցում, ասես դա կարող է արդարացում լինել:

«Առավոտ»-ը առաջարկում է փոքր-ինչ ավելի լրջորեն մտածել հետեւյալի մասին. «Եթե հհշական ռեժիմի ներկայացուցիչները դղյակներ են կառուցել, դա թո՞ւյլ է տալիս նույնկերպ վարվել ներկա իշխանություններին: Սա նշանակո՞ւմ է, որ նախկինների կոռումպացված լինելը «նորերին» մեխանիկորեն ազատում է հասարակության առաջ ամեն կարգի պատասխանատվությունից: Ցանկացած քիչ թե շատ դեմոկրատական երկրում ոչ մի կաշառակեր չինովնիկ չի կարող որպես արդարացում բերել իր նախորդի վերցրած կաշառքի չափը»:

«Առավոտ»-ի ընդգծմամբ, պետք չէ արձագանք սպասել պետությունից, երբ հասարակությունը պաշտոնյայից պատասխան չի պահանջում: Ու կրկին հաստատվում է՝ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարությանը:

Պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման ընթացիկ թեմայով «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը Ազգային ժողովում դիտարկում է. «Պատգամավորներին, ըստ իրենց անձնական ունեցվածքի, կարելի է բաժանել երկու խմբի՝ պատգամավորներ, որոնք ոչ միայն չեն թաքցնում, որ ունեն մեծ եկամուտներ ապահովող բիզնես, շատ փող եւ շքեղ ավտոմեքենաներ, այլեւ հպարտանում են դրանով, համարելով դա լուրջ ձեռքբերում, իրենց հաջողակ եւ խելացի լինելու ապացույց: Մյուս խումբ պատգամավորները ոչ միայն չեն ցուցադրում իրենց ունեցվածքը, այլեւ ընդհակառակը, իրենց ընդգծված զուսպ են պահում՝ հագուստի, տրանսպորտի միջոցների ընտրության եւ բոլոր այն հարցերում, որտեղ կարող է երեւալ պատգամավորի նյութական բարեկեցության աստիճանը: Այս երկրորդ տիպի պատգամավորները համոզված են, որ իրենց համեստ եւ չափավոր պահվածքը ապացույց է իրենց ազնվության, անկաշառության»:

Հիմա, սակայն, ի հայտ են գալու ունեցվածքային բոլոր ծալքերը, եւ նման հրապարակայնությունը մեր ընտրյալներից ոմանց վախեցնում է, որ իրենց վրա կհրավիրեն թալանչիների ու ավազակների ուշադրությունը: Թղթակիցը նրանց հանգստացնում է այսպես. «Վախը տեղին կլիներ մի երկու տարի առաջ, բայց ոչ այսօր, երբ տնտեսական աճի ցուցանիշները մեր երկրում այնպիսին են, որ ժողովուրդը զբաղված է ստեղծագործ աշխատանքով եւ չի պատրաստվում աչքը տնկել ուրիշի ունեցվածքի վրա»:

Պատգամավոր, նորացված Կոմկուսի ղեկավար Յուրի Մանուկյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում հարց է ուղղում՝ «Այս պառլամենտի գործունեությունը տեսած մարդը բա կպահանջի՞, որ կառավարման հիմքում խորհրդարանական մոդելը դրվի»: «Ես օբյեկտիվ իրողություններից եմ ելնում. այն մեկնակետից, որ իմ ժողովուրդը, իմ երկիրը ուժեղ ձեռքի կարիք ունի, պետք է զգա, որ ինքը տեր ունի», - ասում է Յուրի Մանուկյանը, հավաստիացնելով նաեւ, թե «ժողովուրդը այլեւս խաբվողը չի. իր անելիքը լավ գիտի»:

Նույն թերթում նույն դիրքերից է այսօր արտահայտվում նաեւ արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը. «Մեր պայմաններում ոչ թե սխալ է, այլ ուղղակի վտանգավոր՝ ժողովրդավարության բացարձակ սկզբունքը կիրառելը, քանի որ մեր հասարակությունը պատրաստ չէ ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման... Եթե մի քիչ ավելի խիստ խոսեինք, պիտի ասեի, որ ցանկացած երկիր ժողովրդավարության հասնելու ճանապարհին անցել է ավտորիտարիզմի ուղին»:

«Թուրքիան ամենեւին ոգեւորված չէ Ալիեւի մոսկովյան այցից», - անդրադարձել է «Ազգ»-ի մեկնաբանը, որի խտացմամբ, «Ադրբեջանը համագործակցելու պատրաստակամություն է հայտնում, ինչը միանգամայն արժանանում է ռուսական կողմի դրական արձագանքին: Դա նախադրյալներ է ստեղծում ոչ միայն Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքական ազդեցության աճի համար, այլեւ նրա առջեւ բացում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու հեռանկարներ», իսկ այս ամենը բնավ չի նպաստում Թուրքիայի անդրկովկասյան քաղաքականությանը. «Ռուսական ազդեցության աճի եւ ռազմական ներկայության պայմաններում թուրքերը կանգնում են ադրբեջանցիների նկատմամբ «մեծ եղբոր» հավակնություններից հրաժարվելու փաստի առջեւ: Խիստ սահմանափակվում են Ադրբեջանում դիրքերն ամրապնդելու, այնտեղից էլ Միջին Ասիա ներթափանցելու Թուրքիայի հնարավորությունները»:

«Ազգ»-ի մեկնաբանի մի դիտարկմամբ էլ, հարաբերությունների նման դրսեւորումների ժամանակ թուրքերը խանդի տեսարաններ են սարքում, «ռուս-ադրբեջանական մերձեցմանը որպես կանոն հաջորդում են Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի միտումները: Մնում է սպասել, թե դրանք երբ են ի հայտ գալու»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG