Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սպառնում է կրճատել Հայաստան առաքվող գազի ծավալը


Ռուսաստանյան բնական գազի խոշորագույն արտահանող «Իտեռա» ընկերությունը երեքշաբթի օրը նախազգուշացրել է, թե զգալիորեն կկրճատի Հայաստանին մատակարարվող գազի ծավալը, եթե կառավարությունը մինչեւ շաբաթավերջ չվճարի կուտակված պարտքը:

«Իտեռա»-յի ներկայացուցիչը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությանն ասել է, որ ներկայումս առաքվող գազի օրական 5.2 մլն խորանարդ մետր ծավալը կարող է կրճատվել երկու երրորդով:

«Իտեռա»-ն մեղադրում է Հայաստանի կառավարությանը անցած տարվա 6 մլն դոլար պարտքը վճարելու խոստումը չկատարելու եւ այս ամսվա ընթացքում կուտակված 3.85 մլն դոլար պարտքը չվճարելու համար: «Իտեռա»-յի ներկայացուցիչների խոսքերով, պարտքի մարման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 11-ին:

Գազի դիմաց Հայաստանի պարտքի հարցերը քննարկվել էին անցած տարվա դեկտեմբերին նախագահ Քոչարյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Հանդիպելով «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, Քոչարյանը խոստացել էր մարել բոլոր պարտքերը եւ հետեւել, որ առաջիկա առաքումների դիմաց վճարումները կատարվեն ժամանակին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG