Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Իրաքը կարող են ստեղծել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով


Ազգային ժողովի «Հայաստան - Իրաք» բարեկամության խմբի ղեկավար Ղուկաս Ուլիխանյանը, որի գլխավորած պատվիրակությունը օրերս է վերադարձել Իրաքից, երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, որ նախապատրաստվում է Հայաստանի եւ Իրաքի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր:

«Այդ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումից են կախված մեր հետագա հարաբերությունները Իրաքի պետության հետ», - ասաց Ուլիխանյանը:

Ուլիխանյանի ղեկավարած պատվիրակությունը թվով չորրորդ մարդասիրական օգնությունն էր տարել Իրաք՝ դեղորայք եւ սննդամթերք:

Հայկական պատվիրակությանը ընդունել է Իրաքի փոխնախագահ Թայսի Ռամադանին: Ընդունելությունից հետո Ռամադանին առանձնազրույց է ունեցել Հայաստանում Իրաքի դեսպանության ներկայացուցիչ Հակոբ Մարտիրոսի հետ, որի միջոցով փոխանցել է Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնի խոսքը, որ «Իրաքը կանաչ լույս է տվել բոլոր հարաբերություններին եւ խնդրել է արագացնել միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը»:

Ըստ Հակոբ Մարտիրոսի, միջկառավարական հանձնաժողովի ստեղծումից հետո, Հայաստանը կարող է տարեկան 200-300 մլն չափաքանակի ապրանք արտահանել Իրաք: Հայկական ապրանքը կարող է Իրաք հասցվել Իրանով:

Ղուկաս Ուլիխանյանը ասաց, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում Իրանի դեսպանը իրեն հավաստիացրել է, որ այդ տարանցիկ ճանապարհը իր երկիրը տրամադրելու է ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG