Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը առաջարկում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի պետական մարմին


Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին նվիրված կոնֆերանսում շեշտվեց, որ անհրաժեշտ է մշակել համապարփակ ծրագիր եւ ազգովի իրականացնել այն: Առաջարկվեց ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող արտակարգ լիազորություններով օժտված հատուկ պետական մարմին՝ գործակալության կամ կոմիտեի կարգավիճակով։

Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային ժողովի, կառավարության, իրավապահ մարմինների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ու միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ։

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովաննիսյանը իր զեկուցման մեջ նշեց, որ կոռուպցիան մեզանում համատարած է, դրանում ներգրավված է ողջ պետական մեքենան, այդ թվում՝ Ազգային ժողովը:

Նրա խոսքերով, մեզանում կոռուպցիան այն աստիճան է խորացել, որ արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։ «Եթե այդ երեւույթի դեմ նպատակամղված պայքար չտարվի, ապա հետեւանքները կարող են անուղղելի լինել», - համոզված է Վահան Հովհաննիսյանը։

Ըստ նրա, կաշառակերության վարակը անցել է նաեւ հասարակության մեջ: Դա դրսեւորվում է հատկապես ընտրությունների շրջանում, երբ մարդիկ մի քանի հազար դրամով վաճառում են իրենց քվեները:

Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ մարմին ստեղծելուց բացի, առաջարկվեց նաեւ խստացնել կաշառակերության ու կաշառատվության համար օրենքով սահմանված պատժաչափերը:

Փորձագետները, սակայն, թերահավատ են, թե օրենքները խստացնելով ու ծրագրեր մշակելով, հնարավոր է արմատախիլ անել կոռուպցիան: «Ես շատ թերահավատ եմ վերաբերում այն հնարավորությանը, թե այս կառավարությունը, որը նույնքան կոռումպացված է... ի վիճակի է լինելու կամ պատրաստակամ է լինելու հաղթահարել աղտը, որը հենց ինքն է ծնում», - ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ավելացնելով, թե հարկավոր է, որպեսզի քաղաքական գործիչները, հասարակության վերնախավը փոխի իր բարոյական վարքագիծը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը իր ելույթում ասաց, որ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովը Համաշխարհային բանկի տրամադրած 345 հազար դոլար դրամաշնորհով լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր է մշակում, որի բաղադրիչներ են կառավարման համակարգի օպտիմալացումը՝ պետական ծառայողների թվի կրճատումը, նրանց ֆունկցիաների հստակեցումը եւ աշխատավարձերի բարձրացումը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG