Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները նույնպես որդեգրում են կոմպլեմենտարությունը





Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պետական այցի ավարտին շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում իր լիակատար գոհունակությունը հայտնեց այցի արդյունքներից: Նրա խոսքերով, ինքն ու նախագահ Պուտինը համամիտ են, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունները պետք է որակվեն իբրեւ «ռազմավարական գործընկերություն» եւ որ իրենք մտադիր չեն սահմանափակվել ձեռքբերվածով:

Այս շաբաթն Ադրբեջանի համար ակնհայտորեն հաջող է ավարտվում: Երեկ կեսօրին, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը օգտվեց Կոնգրեսի կողմից իրեն վերջերս տված իրավասությունից եւ կասեցրեց «Ազատության աջակցման ակտ»-ի 9Օ7-րդ բանաձեւը: Սա նշանակում է, որ ամերիկացի օրենսդիրները տեսականորեն կարող են հաջորդ տարի Ադրբեջանին տրամադրել նույնքան օգնություն, որքան Հայաստանին:

Այս տարի արդեն Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացնելու է 50 միլիոն դոլար: Հայաստանին տրվող 90 միլիոնի համեմատ դա կարող է քիչ թվալ, սակայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյա Ուիլյամ Թեյլորը, որը Երեւանից մեկնել էր Բաքու, այնտեղ փաստեց՝ 2000 թվականի համեմատ Ադրբեջանին տրվող օգնությունն ավելացել է 1Օ միլիոն դոլարով, ինչը անսովոր է, քանի որ ընդհանուր առմամբ այս տարածաշրջանին Կոնգրեսի կողմից հատկացվող օգնությունը աստիճանաբար պակասում է:

Ըստ երեկ Մոսկվայում ստորագրված համաձայնագրի, Ռուսաստանը Ադրբեջանի սեփականությունն է համարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որի արժեքը մոտ 3 միլիարդ դոլար է: Համեմատության համար հիշեցնենք, որ գեներալ Ռոխլինն ու ադրբեջանցիները պնդում էին, թե Ռուսաստանը Հայաստանին 1 միլիարդ դոլարի զենք է տվել:

Մասնագետները նկատում են, որ եթե 10 տարի շարունակ Հարավային Կովկասում Մոսկվայի, այսպես ասած, «ֆավորիտ» հանրապետությունը Հայաստանն էր, ապա վերջին տարվա ընթացքում իրավիճակը ակնհայտորեն փոխվել է, եւ այժմ Պուտինի Ռուսաստանը ԱՄՆ-ի օրինակով սկսել է կոմպլեմենտար քաղաքականություն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ:

Փորձագետների կարծիքով, վերանում է այն խտրականությունը, որն անցած տարիներին, այնուամենայնիվ, գոյություն ուներ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի, ինչ որ չափով նաեւ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության մեջ:

Հավասարեցման այս միտումը, թերեւս, վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար: Եթե այն տերությունները, որոնց դիրքորոշմամբ է նաեւ պայմանավորված խաղաղությունն ու կայունությունը մի տարածաշրջանում, որտեղ հակամարտում են հայերն ու ադրբեջանցիները, սկսում են հավասար ու անաչառ վերաբերմունք դրսեւորել հակամարտող կողմերի նկատմամբ, ապա դա չի կարող խթանել հակամարտության խորացումը: Ընդհակառակը՝ նպաստելու է կայունության ամրապնդմանը, քանզի կայունություն հասկացությունն ի սկզբանե խարսխված է հավասարակշռության, կոմպլեմենտարության վրա: Սա՝ քաղաքական առումով

Տնտեսական առումով էլ դժվար թե Ադրբեջանի հետ Ռուսաստանի ստորագրած տնտեսական համաձայնագիրը որեւէ կերպ ազդի Հայաստանի հետ Մոսկվայի տնտեսական հարաբերությունների վրա: Խորհրդանշական է, որ այդ նույն ժամանակ, երբ Հեյդար Ալիեւը Մոսկվայում Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ քննարկում էր տնտեսական կապերի զարգացման խնդիրները, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարեց, որ մեկ-երկու ամսից վերջնականապես կհստակվի, թե ռուսաստանյան ինչ օբյեկտներ են գործելու Հայաստանի տարածքում: Թեեւ սա պարտքի արդյունք է, բայց բոլոր դեպքերում Ռուսաստանը Հայաստանի տարածքում պատկառելի սեփականություն է ունենալու, ինչը նույնպես սերտացող տնտեսական հարաբերությունների նշան է:

Եվ վերջապես ռազմական առումով հարկ է նշել, որ նույնիսկ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու արգելքի վերացումից հետո Ամերիկայում երբեք չի կարող վերանալ Ադրբեջանին իրապես զինելու ճանապարհն արգելափակող հուսալի խոչընդոտը՝ հայկական ուժեղ լոբբին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չափազանց դժվար է պատկերացնել, որ Մոսկվան հոժար կամքով սկսի ինտենսիվորեն զինել Բաքվին մի երկրի դեմ, որի տարածքում իր 102-րդ ռազմական բազան է: Եվ նույնիսկ Գաբալայի կայանի կարգավիճակը ճշտելուց հետո որեւէ նախանշան չկա, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը տեսանելի ապագայում կարող է հասնել Հայաստանի հետ ռազմական համագործակցության մակարդակին:

Տարածաշրջանի կայունության համար, ուստի, այդ գործընթացը վտանգ չի ներկայացնում: Իսկ դրական տեղաշարժերի կհանգեցնի թե ոչ, ցույց կտա ժամանակը:


Արմեն Դուլյան, Պրահա եւ Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG